ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, այլապես 5 օրից հացադուլ է սկսում: Նման պահանջ Հայրիկյանն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ներկայացրեց նախագահական նստավայրի դիմաց, ապա նույն պահանջը գրավոր տեսքով հանձնեց նախագահական նստավայրի նամակների ընդունման բաժին:
Պարույր Հայրիկյանն ընդգծեց, որ նախորդ տարի այս օրը Սերժ Սարգսյանը հայ ժողովրդի համար ճակատագրական սխալ որոշում է կայացրել, և ինքը պետք է հրաժարական տա ու իշխանությունը հանձնի եվրոպամետ ուժերին:
«Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը ճանապարհ ունի դեպի Եվրամիություն, չէ՞ որ ԵՄ չինովնիկները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ Հայաստանը ոչ վստահելի գործընկեր է, Պարույր Հայրիկյանը պատասխանեց․ «Մենք այդ չինովնիկներին կբացատրենք, որ Հայաստանը միայն Սերժ Սարգսյանը չէ»:
Նրա դիտարկմամբ՝ քաղաքական բոլոր գործիչները կաշկանդված են ու կախվածության մեջ են․ «Ռուսաստանից կառչած մնալ՝ նշանակում է նրա բոլոր հակառակորդներին մեզ հակառակորդ ընդունել, մենք մի անգամ արդեն մեր ռուսասիրության համար ցեղասպանություն ապրել ենք: Դուք ուզում եք մեր դարավոր թշնամուն մեր տարածք բերել: Տասնյակ մարդիկ ինձ հետ պատրաստվում են մասնակցել հացադուլին:»
Ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։









































