Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում Դևիդ Քեմերոնը կհայտարարի այն մասին, որ պլանավորում է բանակի համար մոտ 600 նոր զրահամեքենաներ պատվիրել: Այդ մասին հաղորդում է լոնդոնյան Financial Times թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին:
Խոսքը 589 Scout զրահամեքենաների ձեռքբերման մասին է: Մեքենաները հագեցած են լինելու լավագույն էլեկտրոնիկայով: 2010թ. երկրի իշխանությունները 500 մլն ֆունտ ստերլինգ էին տրամադրել յոթ օրինակի համար, որոնք ներկայացվել էին 2014թ. հունիսին փորձարկումներից հետո:
Հայտարարությունը կոչված է լինելու ցույց տալ, որ Մեծ Բրիտանիան հավատարիմ է ռազմական հզորությունը մեծացնելու սկզբունքին:
Համաձայն McKinsey ընկերության հետազոտության՝ ճգնաժամի և կոշտ տնտեսական քաղաքականության հետևանքով Եվրոպայի երկրների բյուջեները 2008-2012 թթ. ընթացքում կրճատվել են 50 մլրդ դոլարով, իսկ 2015-ին կկրճատվեն ևս 4 մլրդ-ով:




































