Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց հերթական բանդայի գործի դատական քննությունը: Նախագահող դատավորը Արշակ Վարդանյանն է:
Ամբաստանյալի աթոռին են Ռաֆայել Հարոյանը, Տիգրան Հովհաննիսյանը, Հայկ Կոջոյանը, Կարեն Վարդանյանը, Մնացական Սարգսյանը, Էդիտա Ալիխանյանը, Գոհար Գաբրիելյանը, Վահե Ստեփանյանը, Մառլեն Մուրադյանը:
Ըստ մեղադրանքի՝ Ռաֆայել Հարոյանը տարադրամի փոխանակման կետերի ու դրանց աշխատողների վրա հարձակվելու նպատակով ստեղծել ու անձամբ ղեկավարել է կազմակերպված զինված խումբ՝ բանդա, որի կազմում 2012 թվականի սեպտեմբերին ընդգրկել է Տիգրան Հովհաննիսյանին, իսկ հետագայում՝ Հայկ Կոջոյանին ու Կարեն Վարդանյանին:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ կայուն անփոփոխ հանցակիցների կազմով, մանրակրկիտ ծրագրված եղանակով և փոխադարձ սերտ համագործակցությամբ, առաջնորդվելով Ռաֆայել Հարոյանի դերաբաշխմամբ իրենց վերապահված դերակատարման և ստանձնած պարտավորությունների շրջանակներով՝ երևանյան տարադրամի փոխանակման կետերի ու դրանց աշխատողների նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու վերաբերյալ ունեցած նախնական համաձայնությամբ բանդայի անդամները ապօրինի կերպով ձեռք են բերել «Վինչեսթր» տեսակի որսորդական ողորկափող հրացան՝ համապատասխան փամփուշտներով, «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրան համապատասխան փամփուշտներ, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ:
Բանդայի անդամները հետևել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել են հարձակումներ կատարելու առավել նպաստավոր վայրեր:
Ըստ մեղադրանքի՝ բանդայի հարձակումները չեն սահմանափակվել միայն կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ տուժողների առողջությանը ծանր վնաս հասցնելով:
Բանդայի անդամներից՝ Կարեն Վարդանյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, կատարել է նաև սպանություն, որն ընդգրկված չի եղել մյուս անդամների դիտավորության մեջ:
Բացի այդ, Տիգրան Հովհաննիսյանը «Հայբիզնեսբանկ»-ի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից գումարներ հափշտակելու նպատակով նախնական համաձայնության է եկել կնոջ՝ Էդիտա Ալիխանյանի հետ: Վերջինս նշված բանկի գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ է եղել, ի պաշտոնե հասանելիություն է ունեցել ավանդատուների բանկային տվյալներին:
Տիգրան Հովհաննիսյանը Էդիտա Ալիխանյանի հետ խմբով նախնական համաձայնությամբ 2012 թվականի հուլիսի 31-ից մինչև 2013 թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 309 միլիոն 477 հազար 642 դրամին համարժեք 723 հազար 940 դոլար և 83 միլիոն 668 հազար 795 դրամ:
Մնացական Սարգսյանը, ըստ մեղադրանքի, 2012 թվականի նոյեմբերի 19-ից մինչև 2013 թվականի մարտի 7-ը օժանդակել է «Հայբիզնեսբանկ»-ի աշխատակից Էդիտա Ալիխանյանին և նրա ամուսնուն՝ Տիգրան Հովհաննիսյանին՝ նախնական համաձայնությամբ, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ավանդատուների հաշվեհամարներից 46 միլիոն 788 հազար դրամին համարժեք՝ 100 հազար դոլարի և 5 միլիոն 970 հազար դրամի հափշտակություն կատարելու համար: Նա նաև 2012 թվականի դեկտեմբերին ապօրինի կերպով ձեռք է բերել, իր մոտ պահել, ապա ապօրինի իրացրել զենք ու ռազմամթերք:
Գոհար Գաբրիելյանը մեղադրվում է Էդիտա Ալիխանյանի և նրա ամուսնու հետ «Հայբիզնեսբանկ»-ի ավանդատուների հաշիվներից 73 միլիոն 169 հազար 992 դրամին համարժեք 119 հազար 900 դոլար և 23 միլիոն 923 հազար 795 դրամ հափշտակելու համար:
Վահե Ստեփանյանը մեղադրվում է Էդիտայի ու նրա ամուսնու կողմից «Հայբիզնեսբանկի» ավանդատուների հաշիվներից 12 միլիոն 428 հազար 400 դրամին համարժեք 30 հազար դոլարի հափշտակությանն օժանդակելու համար:
Մառլեն Մուրադյանը մեղադրվում է Էդիտայի և նրա ամուսնու՝ Տիգրանի կողմից 65 միլիոն 858 հազար 153 դրամին համարժեք 147 հազար 740 դոլարի և 5 միլիոն 505 հազար դրամի հափշտակությանն օժանդակելու համար:
Երեկվա դատական նիստին հարցաքննվեցին երեք վկաներ:
Մինչ այդ հայտարարությամբ հանդես եկավ Էդիտա Ալիխանյանի շահերի պաշտպանը. նախորդ դատական նիստի ժամանակ դատարանը վկա Շողիկ Պետրոսյանի ցուցմունքի փոխարեն հրապարակել էր ուրիշ վկայի ցուցմունք: Դատարանն ընդունեց, որ թյուրիմացություն է եղել, բայց այն քննարկելուց առաջ նախ հարցաքննվեց վկա Էլեոնորան:
Վկան դժվարությամբ էր տեղաշարժվում, չկարողացավ անգամ նստել: Նա հայտնեց, որ ամբաստանյալ Գոհար Գաբրիելյանի հարևանուհին է. «Երեք անգամ ծանր վիրահատվել եմ, միայնակ կին եմ, ընտանիք չունեմ, Գոհարն ինձ պահելա, նայելա մինչև օրս, ես ասում էի՝ ո՞նց անեմ, քեզ մի լավություն անեմ, Գոհարն էլ ասում էր՝ ոչ մի բան պետք չի, կանցնի կգնա: Հետո մի օր դիմեց ինձ, թե մի խնդրանք ունի՝ Տիգրանին գումար են ուղարկել Ամերիկայից, չի կարողանում ստանալ, որովհետև անձնագիրը ոստիկանությունում է: Ես հարցրի՝ կարողա՞ շառ գործ ա, Գոհարն էլ թե՝չէ, անձնագիրը ոստիկանությունում ա, որովհետև փոխում ա: Ես ասի՝ եթե դու ես մեջը, պրոբլեմ չունես, համաձայնեցի օգնել: Իմ անձնագրի պատճենը տարավ բանկ, հաջորդ օրն ասաց՝ գնանք գումարը ստացի: Տաքսիով տարավ մի կերպ, էն ժամանակ սենց չէի, հիմա կիսամեռած մարդ եմ, Հայբիզնեսբանկ տարավ, ես ոչ մի կոպեկ չեմ ստացել, լրիվ տվել եմ իրան, միայն ստորագրել եմ, գումարի չափն էլ չեմ իմացել»:
Մեղադրողի հարցին վկան պատասխանեց, որ Տիգրանին անձամբ չի ճանաչել. «Նա գալիս էր Գոհարի տուն, բարձր խոսում էր, ես պատը ծեծում էի՝ հանրակացարան ա, պատերը՝ բարակ, թողեք քնենք… Սկի չգիտեմ էլ ինչքան գումար էր ստացածս, չեմ հաշվել, հենց կասսայում տվել եմ Գոհարին…»:
Ըստ մեղադրանքի՝ Հայբիզնեսբանկի ավանդատուներից հափշտակված գումարները ամբաստանյալները ստացել են իրենց հարազատների, ծանոթների և այլոց անուններով հաշիվ բացելով, այդ հաշիվներին գումարները փոխանցելով, ապա «միջնորդ» հաշվից գումարը ստանալով: Վկա Էլեոնարայի անունով նույնպես հաշիվ է բացվել, գումարը ստացել է վկան ու անմիջապես փոխանցել Գոհար Գաբրիելյանին:
Վկա Շողիկ Պետրոսյանի հարցաքննությունը կատարվել էր նախորդ դատական նիստի ժամանակ: Շողիկ Պետրոսյանը ամբաստանյալ Տիգրան Հովհաննիսյանի մայրն է և Էդիտա Ալեքսանյանի սկեսուրը: Այս վկայի նախաքննական ցուցմունքները հրապարակելու ժամանակ նախագահողը, հասնելով լրացուցիչ ցուցմունքին, սխալմամբ հրապարակել էր մեկ այլ վկայի՝ Զարուհի Պետրոսյանի լրացուցիչ ցուցմունքը: Նախագահող դատավորը պարզաբանեց. «Մեխանիկորեն, դատարանի գերծանրաբեռնվածության, ինչու չէ՝ նաև անուշադրության պատճառով վկա Զարուհի Պետրոսյանի ցուցմունքն է հրապարակվել…»: Զարուհի Պետրոսյանը ամբաստանյալ Ռաֆայել Հարոյանի կինն է:
Էդիտա Ալիխանյանի շահերի պաշտպանին նախագահողի պարզաբանումը չբավարարեց: Պաշտպանը հանդես եկավ միջնորդությամբ, համաձայն որի՝ վկա Զարուհին չի ներկայացել դատարան, չի հարցաքննվել, դատարանը դեռ չի ձեռնարկել նրան դատարան բերելու բոլոր միջոցները: Այս պայմաններում անթույլատրելի է եղել Զարուհի Պետրոսյանի նախաքննական ցուցմունքի հրապարակումը, թեկուզ՝ դա կատարվել է սխալմամբ:
Պաշտպանն ասաց, թե իր պաշտպանյալի դեմ մեղադրող ցուցմունքներ տված Զարուհու ցուցմունքը հրապարակվել է առանց նրան դատարանում հարցաքննելու, հրապարակվել է օրենքի խախտմամբ, հետևաբար՝ ցուցմունքը կորցրել է իր ապացուցողական նշանակությունը, այն հարկավոր է անթույլատրելի ապացույց ճանաչել:
Ըստ պաշտպանի՝ Զարուհին նախաքննության ընթացքում հակասական ցուցմունքներ է տվել, վկայի ցուցմունքները վճռական նշանակություն ունեն Ալիխանյանի համար: Վերջինս, ըստ պաշտպանի, զրկվել է իր դեմ ցուցմունք տված անձին հարցաքննելու իրավունքից:
Պաշտպանը միջնորդեց Զարուհի Պետրոսյանի նախաքննական ցուցմունքները ճանաչել անթույլատրելի ապացույց, դատակոչի ցուցակում ներառված Պետրոսյանին հանել այդ ցուցակից:
Ռաֆայել Հարոյանի շահերի պաշտպանն էլ ներկայացրեց Զարուհի Պետրոսյանի դիմումը, որով վկան, մատնանշելով, թե սույն քրեական գործով մեղադրվում է իր ամուսինը, տեղեկացրել էր, թե օգտվում է իր իրավունքից և հրաժարվում է ամուսնու գործով ցուցմունքներ տալուց ու հարցերին պատասխանելուց:
Ըստ պաշտպանի՝ Պետրոսյանի իրավունքները քննիչի կողմից բացատրվել են ոչ ճիշտ կամ խեղաթյուրված կերպով, դրա համար էլ վկան ցուցմունք է տվել իր ամուսնու գործով:
Պաշտպանական կողմը միահամուռ այն դիրքորոշումն արտահայտեց, թե իրավական տեսակետից դատարանը, թույլ տված սխալի պատճառով, այլևս իրավունք չունի վկային հրավիրելու և հարցաքննելու, այս վկայի ցուցմունքը չի կարող դրվել դատական ակտի հիմքում:
Մեղադրողի կարծիքով՝ տվյալ վկան չի զրկվել դատարանում ցուցմունքներ տալու իրավունքից: Ինչքան էլ անձը չցանկանա ցուցմունք տալ իր մերձավոր ազգականի վերաբերյալ, նրան հարցեր տալու հնարավորությունը կարող են օգտագործել դատավարության կողմերը:
Տուժողի՝ Հայբիզնեսբանկի ներկայացուցիչը նշեց, որ Զարուհի Պետրոսյանը ցուցմունք է տվել, որ Էդիտայից գումար է ստացել և Տիգրանին հանձնել: Պետրոսյանի տված ցուցմունքը կապ չունի նրա ամուսնու հետ, հետևաբար վկան պետք է ներկայանա դատարան և ցուցմունք տա:
Դատարանը որոշեց պաշտպանի միջնորդության գնահատումը հետաձգել, դրան անդրադառնալ խորհրդակցական սենյակում: Նախագահողը նշեց, որ ըստ էության՝ Զարուհու ցուցմունքները չեն հետազոտվել, դատարանը դրանք համարեց չհրապարակված, չհետազոտված ցուցմունքներ: Զարուհի Պետրոսյանը կհրավիրվի դատարան, ընդհանրապես ապահովվելու է բոլոր վկաների մասնակցությունը դատաքննությանը:
Ուղղելով թույլ տված վրիպակը՝ դատարանը հրապարակեց վկա Շողիկի լրացուցիչ ցուցմունքը:
Վկայի որդին՝ Տիգրան Հովհաննիսյանը, խնդրել է մայրիկին, որ մի անգամ բանկ գնա ու տասը հազար դոլար ստանա, իսկ մյուս անգամ՝ քառասունինը հազար դոլար:
Ըստ վկայի՝ Տիգրանը կնոջ ու երեխայի հետ բնակվել է առանձին. «Նրանց գործերին չեմ խառնվել, Տիգրանն ասել է՝ բանկից գումար ունի ստանալու… Բացի որդուս հավատալուց՝ հարսս՝ Էդիտան էլ Հայբիզնեսբանկի լավագույն աշխատող էր… Գումարը ստացել եմ բանկի Նալբանդյան մասնաճյուղում: Մառլենը դիմավորել է, ուղեկցել Էդիտայի մոտ… նա էլ ուղեկցել է դրամարկղ… ստացել եմ գումարը, բանկից դուրս եմ եկել, տաքսիով հասել Տիգրանին, գումարը տվել նրան… Վատ բան չէի կարող կասկածել…»:
Շողիկ Պետրոսյանը հարցերին պատասխանելու ժամանակ հարսի հետ փոքրիկ երկխոսության մեջ մտավ, ասաց, որ տղան ու հարսը երևի իր հետ յոլա չեն գնացել, դրա համար են գնացել վարձով ապրելու: Վկան չհաստատեց հարսի ու նրա շահերի պաշտպանի հարցադրումները, թե պարտատերերը նեղել ու սպառնացել են նրանց: Նա ասաց, թե իրենց տունը կորցրել են պարտքերի պատճառով:
Հարցաքննված երրորդ վկան Տիգրան Հովհաննիսյանին մշտապես սպասարկած տաքսու վարորդի կինն էր: Ամուսինն ասել է, թե իր մշտական ուղևորը բանկից գումար ունի ստանալու, բայց անձնագիր չունի: Նա կնոջ անձնագիրը վստահել է այդ մշտական ուղևորին, հետո էլ կնոջը տարել է, որ նրա անունով բացված հաշվեհամարին նստած գումարը հանեն ու տան Տիգրանին:
Վկան գնացել է բանկ, ստորագրել, ստացել ինչ-որ գումար ու առանց հաշվելու տվել ամուսնուն: Վերջինս էլ գումարը տվել է Տիգրանին:
Ահա թե իր մշտական ուղևորին ինչքան հավատարիմ է եղել վկայի տաքսիստ ամուսինը, ով ներկայումս Մոսկվայում է՝ մեկնել է արտագնա աշխատանքի:
Այսօրվա նիստի ավարտին դատարանը վարույթ ընդունեց տուժած բանկի ներկայացուցչի հայցադիմումը:
Նիստից հետո այս քրեական գործի մյուս դրվագով տուժողի՝ տարադրամի փոխանակման կետի վրա հանցախմբի կատարած հարձակման ժամանակ սպանված երիտասարդի եղբայրն ասաց, թե իր եղբայրը ընտանիք ու զավակներ ունի, օրինակելի ամուսին ու հայր է եղել, հրաշալի եղբայր ու մարդ և սպանվել է հիմա ամբաստանյալի տեղում ողջ ու առողջ նստած անարժանների կողմից:
Այս դրվագի քննությանը դատարանը դեռ չի հասել:









































