ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի իրար հաջորդող և իմաստային առումով նույն որոշումներին, կարծիք հայտնեց, որ դրանք օլիգարխիկ քննարկումների ավարտի մասին վկայող հայտարարություններ են.
«ԲՀԿ-ն հայտարաություն արեց, բնականաբար՝ պետք է Քոչարյանն էլ խոսեր, որպեսզի հստակ լիներ բոլորի համար վերջին օլիգարխիկ կոնսուլտացիաների արդյունքը: Եվ պատահական չէ, որ հենց միանգամից Վիկտոր Սողոմոնյանն այդ հարցազրույցը mediamax.am-ին տվեց: Իսկ մենք գիտենք, որ հիմնականում, երբ Քոչարյանը մեսիջներ է ուղարկում, նա հենց mediamax.am–ի միջոցով է դա անում:
Ինչ վերաբերում է կոնկրետ Ծառուկյանի հայտարարությանը, ապա պետք է արձանագրել, որ նման որոշում կարելի էր սպասել՝ հաշվի առնելով հայաստանյան քաղաքական դաշտի օլիգարխիկ բնույթը: Եթե դիտարկենք այդ հարցը դասական քաղաքականության տեսանկյունից, ապա, բնականաբար, ընդհանրապես հնարավոր չէր, որ այսպիսի որոշում, հայտարարություն ընդունվի: Քանզի դասական քաղաքական դաշտում, եթե երկրորդ խոշոր կուսակցությունն ես երկրում, ուրեմն պարտադիր պետք է մասնակցես նախագահական ընտրություններին: ԲՀԿ-ի որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք չունենք նորմալ քաղաքական համակարգ, ընտրական ինստիտուտ և այլն»:
Հարցին, թե ինչպես կանդրադառնա այս որոշումը ՀԱԿ-ի և նրա հնարավոր թեկնածուի վրա, Է. Վարդանյանը պատասխանեց. «Կանխատեսում անելն անշնորհակալ գործ է, բայց կարող եմ ասել, որ մի կողմից սա շահեկան էր՝ ՀԱԿ-ի ներկայիս կազմը պահպանելու առումով: Եթե այլ զարգացումներ ընթանային, ասենք, Ծառուկյանն առաջադրվեր, ապա ՀԱԿ-ը պետք է վերաբերմունք ցուցաբերեր այդ փաստի վերաբերյալ, իսկ մենք գիտենք, որ ՀԱԿ-ում կան մարդիկ, որ հայտնի քաղաքագիտական վերլուծության ոգուն համապատասխան կցանկանային սատարել Ծառուկյանին, իսկ որոշները, մենք գիտենք՝ այդպիսիները կան, կտրականապես դեմ կլինեին ԲՀԿ թեկնածուին սատարելուն, և դա կբերեր ՀԱԿ-ում նոր պառակտման, ինչ-որ մարդիկ դուրս կգային և այլն: Բայց մյուս կողմից էլ՝ ԲՀԿ-ռեսուրսը օգտագործելու ՀԱԿ-ի հույսերը զգալիորեն նվազեցին, քանի որ այն ընտրազանգվածը, որը համարվում էր ԲՀԿ-ի ընտրազանգված, քվեարկում էր «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին, որովհետև ի դեմս Ծառուկյանի՝ տեսնում էր հզոր օլիգարխիկ մի ուժ, որը մեծ դերակատարություն ունի քաղաքական ասպարեզում, կարողանում է ինչ-որ հարցեր լուծել և այլն: Այդ ընտրազանգվածը հիմա տեսնելու է, որ ընտրությունների ժամանակ մեկ նման անձ է մնացել` Սերժ Սարգսյանը, և վերջինիս ադմինիստրատիվ մեքենայի ուղղորդմամբ քվեարկելու է նրա օգտին: Իհարկե, ԲՀԿ-ի ընտրազանգվածի մի փոքր մասն էլ միգուցե չկողմնորոշվի, չքվեարկի, ընտրությունների չգնա, միգուցե նաև ՀԱԿ-ի կամ այլ թեկնածուի սատարի, բայց, բնականաբար, այդ փոքր մասի քվեն էական դեր չի կատարելու»:
Փորձագետի կարծիքով, եթե ՀԱԿ-ը սեփական թեկնածու չառաջադրի, ապա շատ անհարմար դրության մեջ է հայտնվելու այն մարդկանց առաջ, ովքեր մինչ այսօր հավատում են Տեր-Պետրոսյանի հաղթանակին. «Կարծում եմ, մեծամասամբ Կոնգրեսի մեղքով է, որ համաժողովրդական շարժումն այսօր գոյություն չունի: Սակայն այսօր էլ կան շատերը, որոնք հավատում են ՀԱԿ-ին, և եթե ՀԱԿ-ը չմասնակցի, ապա ինչպե՞ս է դա բացատրվելու այդ մարդկանց: Իսկ առաջադրվելու և թեկուզ շատ քիչ ձայն հավաքելու դեպքում կարող են ի վերջո ասել. «Մենք ամեն ինչ արեցինք, կռիվ տվեցինք, բայց իշխանությունը ընտրությունները կեղծում է, ժողովուրդը տրվում է ճնշումներին և այլն, ի՞նչ կարող էինք մենք անել»»:









































