Ալաբամա նահանգի Բիրմինհեմ քաղաքի բնակիչը վստահ է եղել, որ բոլոր սարսափելի իրադարձություններն անցյալում են, երբ տեղի CBS42 հեռուստաալիքին պատմել է, թե ինչպես են իրենք ընտանիքով փրկվել տորնադոյի ժամանակ: Սակայն նրա՝ Աստծուն փառք տալն ընդհատվել է, երբ փլուզվել է տան կտուրը, որը դեռ երեկ նրա համար ամրոց էր ծառայել:
«Ես տեսա փոշու մի ամպ՝ կահույքի և այլ առարկաների մասերով, և այն սլանում էր հենց մեր տան ուղղությամբ: Մենք փակվել էինք լոգարանում և աղոթում էինք: Ամեն ինչ այնքան արագ է տեղի ունեցել: Մենք շատ էինք վախեցել, իսկ մեր շունն անընդհատ հաչում էր»,- թղթակցին պատմել է Քլինթ Տորնթոնը, և հենց այդ ժամանակ նրա տանից բղավոցներ են լսվել, ու գետնին են թափվել տանիքի հատվածներ: Հուզված Տորնթոնն այլևս չի մտածել տեսախցիկի մասին, և սկսել է դիմել ընտանիքի անդամներին՝ անհանգստանալով, թե արդյո՞ք բոլորն են ողջ, իսկ հետո վերադարձել է վախից իրեն կորցրած թղթակցի մոտ:
Ամենայն հավանականությամբ, կտուրը փլուզվել է ջրի մեծ կուտակման հետևանքով։ Հիմա տարերքից տուժածներն ապրում են հյուրանոցում, Սուրբ Ծնունդը ևս նրանք կդիմավորեն այնտեղ, այլ ոչ թե սեփական տանը։ Այս մասին գրում է The New York Daily News-ը: Ընդ որում, արդեն գտնվել են սրտացավ մարդիկ, ովքեր տոների ժամանակ կօգնեն ընտանիքին վերականգնել տունը: