Իրավապաշտպան Մարթին Լյութեր Քինգի` Վաշինգտոնում տեղադրված հուշարձանի գրությունը լիովին կմաքրվի, ոչ թե կփոխարինվի գրության ամբողջական տարբերակով: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ՆԳՆ հայտարարությունը:
Գրությունը ջնջելու մասին որոշումը կայացվել է հուշարձանի հեղինակ` չինացի քանդակագործ Լի Իսինի հետ խորհրդակցելուց հետո: Աշխատանքներն անցկացվելու են նրա ղեկավարության ներքո և կսկսվեն Մարտին Լյութեր Քինգի օրվանից հետո, որը 2013թ. նշվելու է հունվարի 21-ին (հունվարի երրորդ երկուշաբթին) և համընկնում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողության հետ:
Խոսքը Քինգի «Ես եղել եմ արդարության, խաղաղության և բարօրության ավագ թմբկահար» արտահայտության մասին է: Իրականում 1968թ. Քինգն ասել է. «Այո, եթե դուք ցանկանում եք ինձ կոչել ավագ թմբկահար, ասե՛ք, որ եղել եմ արդարության ավագ թմբկահար: Ասե՛ք, որ եղել եմ խաղաղության ավագ թմբկահար: Բարօրության ավագ թմբկահար: Եվ մնացած ոչ մի բան նշանակություն չի ունենա»:
Հասարակության որոշ ներկայացուցիչների կարծիքով՝ արտահայտության կրճատ տարբերակը դուրս է մնացել կոնտեքստից, և Քինգը ներկայացվում է որպես շատ ինքնավստահ մարդ:
Ավելի վաղ նախատեսվում էր կարճ գրությունը փոխարինել ամբողջական արտահայտությամբ:
Վաշինգտոնում Մարտին Լյութեր Քինգի հուշարձանը բացվել է 2011թ. հոկտեմբերի 16-ին` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից: