«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նիստում որոշում է կայացվել մինչև դեկտեմբերի 21-ին կայանալիք կուսակցության համագումարը գալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտնել միայն անձնական կարծիքներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը՝ ներկայացնելով գալիք նախագահական ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության մասնակցության ձևաչափը:
Բանախոսը տեղեկացրեց, որ գալիք նախագահական ընտրություններում կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի առաջադրման կամ կուսակցության մասնակցության ձևաչափի հարցը կհանգուցալուծվի դեկտեմբերի 21-ին: Նա պարզաբանեց, որ Արամ Սարգսյանի առաջադրման վերաբերյալ քաղխորհրդի նիստում տարբեր կարծիքներ են հնչել:
«Ընդհանուր առմամբ` ինքը պետք է որոշի, վերջնական որոշումը իրենն է: Գիտենք, որ նա հանդիպումներ է անցկացնում, զրույցներ ունենում, որոնց հիման վրա որոշում կկայացնի: Ես կարծում եմ, որ նախագահի փոփոխությունն ինքնանպատակ չէ. եթե ավելի լավը չի լինելու, եթե ինքներս չենք կարողանում ավելի լավով փոխել, ուրեմն բնական է` պետք է հաշտվենք ներկա իրավիճակի հետ»,- պարզաբանեց Սուրեն Աբրահամյանը:
Նրա խոսքով` գալիք նախագահական ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության չմասնակցելը բացառվում է: Նա չբացառեց նաև որևէ թեկնածուի աջակցելու հեռանկարը:
«Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը այն նույն վճռականությամբ, որով մտավ ամեն ինչ կազմաքանդելու, մտնի, միանշանակ` կսատարենք: Եթե Սերժ Սարգսյանն էլ ասի, որ կազմաքանդելու է ավազակապետությունը, կսատարենք նրան: Առանց ծրագիրը նայելու` հենց այնպես դժվարանում եմ ասել»:









































