Այն, թե ինչպես է միջնադարյան Վենետիկը պայքարել ժանտախտի համաճարակի դեմ 14-րդ դարում, կարող է օրինակ լինել ներկայիս շատ սպառնալիքների դեմ պայքարելու համար: Նման սպառնալիքների թվում են կլիմայական փոփոխությունները, հիվանդությունները, ինչպես, օրինակ, Էբոլայի վիրուսը: Նման եզրակացության է եկել ԱՄՆ Բանակի հետազոտությունների և մշակումների կենտրոնի ինժեներ Իգոր Լինկովը:
Ամերիկացի գիտնականի հոդվածը հրապարակվել է Environment Systems and Decisions ամսագրում: Աշխատանքի եզրակացություններին հնարավոր է ծանոթանալ Springer ընկերության կայքում:
XIV դարում Վենետիկը խիտ բնակեցված կենտրոն էր, որտեղ հատվում էին միջերկրածովյան բանուկ առևտրական ճանապարհները: Ի սկզբանե բնակիչները փորձել են պայքարել այն ամենի դեմ, ինչը Աստծո պատիժ են համարել, ավանդական միջոցներով: Արդյունքում, սակայն, նրանք սկսել են կիրառել այն, ինչը կոչվում է «կայունության կառավարում»:
Անհայտ հիվանդության դեմ ուղղակիորեն կենտրոնանալու փոխարեն՝ վենետիկյան իշխանությունները սկսել են վերահսկել բնակչության տեղաշարժը, սոցիալական կապերը: Նրանք ստուգումներ են կազմակերպել, մոտակա կղզիներում հիվանդանոցներ են բացել, ինչպես նաև պաշտպանիչ հագուստ են բաժանել:
Թեև այդ քայլերը շատ ուշ են ձեռնարկվել, որպեսզի կասեցվեր հիվանդության տարածման արագությունը XIV դարի կեսերին, սակայն դա օգնել է Վենետիկին՝ մի քանի տարվա ընթացքում հաջողությամբ պայքարել հիվանդության համաճարակի դեմ, և ժանտախտի եզակի դեպքեր են նկատվել:
Այդ նույն ընթացքում Հարավային Եվրոպայի այլ շրջաններում նմանատիպ համաճարակները կրկնվում էին նախանձելի հաճախությամբ:










































