Հնէաբանները ծրագրավորում են մայաների քաղաքակրթության տաճարի՝ Կուկուլկան բուրգի տակ փնտրել գաղտնի մուտքեր, թունելներ, գերեզմանատներ և նույնիսկ սրահներ, գրում է oya-planeta.ru-ն:
Այդ նպատակով ուսումնասիրողները պատրաստվում են օգտագործել էլեկտրատոմոգրաֆիայի մեթոդը, որի շնորհիվ գիտնականները կկարողանան առանց շինությունը վնասելու պեղումներ կատարել, հաղորդում է «Ռոսբալթ»-ը: Բուրգի ամբողջ տարածքով էլեկտրոդներ կտեղադրեն, որոնց միջոցով հնարավոր կլինի մշակել անհրաժեշտ ստորերկրյա քարտեզը:
«Եթե այնտեղ ինչ որ բան կա, ապա դա ամբողջ Մեքսիկայի համար կարևոր բացահայտում կդառնա»,- պատմում են հնէաբանները:
Նշենք, որ բուրգի բարձրությունը 24 մետր, իսկ յուրաքանչյուր կողմի երկարությունը 55 մետր է: Բոլոր չորս կողմերից դեպի վեր աստիճաններ են տանում: Չորս սանդուղքներից յուրաքանչյուրը 91 աստիճան ունի, բոլորը միասին 364 են կազմում: Իսկ բուրգի գագաթին չորս մուտքերով տաճար կա, որտեղ կատարվել են զոհաբերություններ:








































