Հայաստանում կարծեք թե մրցավազք է սկսվել սահմանամերձ բնակավայրերին օգնություն ցուցաբերելու օրենսդրական նախաձեռնությունների համար: Այն բանից հետո, երբ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նման օրենսդրական նախաձեռնություն հեղինակելու մասին, որը նրա սահմանամերձ բնակավայրերի այցերի արդյունք էր, ի դեպ, ուշադրություն դարձրեք՝ միայնակ, ոչ թե խմբակային՝ ԱԺ նախագահի կամ վարչապետի պատրոնաժությամբ, հանկարծ պարզվեց, որ այդ պատրոնաժությամբ այցելած ուժերն էլ պատրաստվում են նման օրինագիծ ներկայացնել ԱԺ-ում: Չի բացառվում, որ նման մի օրինագիծ էլ կառավարությունը ներկայացնի, թեև հավանական է, որ վերջում պատրոններն ու «պատրոնաժները» միավորեն իրենց նախագծերը:
Պարզ է, որ սրանով Նիկոլի նախագիծը ստորադասվելու է: Թեև խնդիրն իհարկե դա չէ, թող ներկայացնեն իրենցը, թող օգնեն, ու թող Նիկոլի նախագիծն էլ ստորադասվի: Խնդիրն այլ տեղ է. ի՞նչ փիլիսոփայություն է գործում այստեղ, այս նախաձեռնության մեջ, այս խմբակային-ցուցադրական շարային այցերում:
Երբ այս ամենը մենք տեսնում ենք, այսինքն՝ տեսնում ենք կազմակերպված, մանկապարտեզի երեխաների նման «դաստիարակի» ձեռքը բռնած այցերը սահմանամերձ բնակավայրեր, որ կատարում են ԱԺ խմբակցությունները, կարծես ինչ-որ մեկը մինչ այդ նրանց ձեռքը բռնել էր ու թույլ չէր տվել ամեն մեկը իր ուզած պահին վեր կենա ու գնա սահման, ապա հասկանում ենք, որ օրենսդրական կոչված նախաձեռնությունն էլ, ըստ էության, լինելու է այս ցուցադրականի մի մասը, տրամաբանական շարունակությունը: Մինչդեռ եթե բանը հասել է խմբակայինին, ապա այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչ փիլիսոփայություն է դրվելու ընդհանրապես սահմանամերձ բնակավայրերին աջակցության այս խմբակային մտահոգության հիմքում:
Եվ սա այն դեպքում, երբ այս խմբակի մի շարք անդամներ անգամ տարրական քաղաքական ընթացիկ խնդիրների հարցում չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, ուր մնաց՝ սահմանամերձ բնակավայրերի օժանդակության փիլիսոփայության հարցում: Որովհետև այդ օժանդակությունը պահանջում է լուրջ համակարգային քայլեր, ոչ թե սոցիալական հատկացումներ լոկ: Այդ փիլիսոփայությունը պահանջում է, որ հայաստանյան իշխող քրեաօլիգարխիկ համակարգը պետք է ինչ-որ բան զիջի հանուն սահմանամերձ բնակավայրերի զարգացման, քանի որ այդ բնակավայրերին ոչ թե ձուկ տալ է պետք, որ կշտանան, այլ ձուկ որսալ սովորեցնել և ձկնորսության հնարավորություններ ստեղծել, իհարկե, չակերտավոր ձկնորսության:
Այսինքն՝ խնդիրը հանգում է Հայաստանում համակարգային փոփոխությունների, որպեսզի սահմանամերձ բնակավայրեր ուղղվող միջոցներն ըստ էության որակ կազմեն, ոչ թե զուտ թվաբանություն կամ վիճակագրություն, զուտ սոցիալական օգնություն:
Կարելի է ուղղել միլիարդներ, սակայն կարևոր է, թե այդ միլիարդները ինչ համակարգային էֆեկտ են տալու սահմանամերձ բնակավայրերում: Իսկ սա արդեն գալիս-հանգում է քրեաօլիգարխիկ համակարգի շահերին: Համակարգ, որի պատրոնաժությամբ էլ, ըստ էության, կատարվել են այցերը՝ ԱԺ նախագահի և վարչապետի պատրոնաժությամբ: Եթե պատրոնաժություն չի եղել, ապա թող այդ այցերի մասնակից, այսպես ասած, ոչիշխանական ուժերը բարի լինեին և սահմանամերձ բնակավայրեր գնային իրենց նախաձեռնություններով, անկախ Հովիկ Աբրահամյանից ու Գալուստ Սահակյանից: Ու քանի որ մենք ականատես ենք այս պատկերին, ապա սահմանամերձ բնակավայրերին ուղղվելիք որևէ օգնության փիլիսոփայության, այլ կերպ ասած՝ միլիարդների որակական, համակարգային էֆեկտի հարցը մնում է բաց, կամ ավելի շուտ՝ հարցը փակ է, քանի որ լավ գիտենք իշխող համակարգի բնույթը և առաջնահերթությունները:









































