Շրջելով թե՛ ԼՂՀ առաջնագծում, թե՛ զորամասերում՝ համոզվեցինք, որ հայրենիքի պաշտպանների շարքերում քիչ չեն հստակ դիմագիծ ունեցող մարդիկ, որոնք անգամ խուսափում են խոսել իրենց հաջողություններից և մարտական գործողություններում ցուցաբերած քաջությունից. աչքի են ընկնում համեստությամբ:
ԼՂՀ զորամասերից մեկի հետախուզական վաշտի հրամանատարը այդպիսիներից մեկն է: Զորամասում թե՛ հրամանատար, թե՛ զինվոր պարբերաբար խոսում էին հետախույզի գործողություններից, իսկ նա, դրանք չանձնավորելով, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Մեր զինված ուժերն այնքան մարտունակ է, որ ցանկացած պայմաններում կարողանում ենք հակահարված տալ: Հակառակորդը, տարբեր երկրներից զենք ձեռք բերելով, կարծես թե տարածաշրջանում հզոր է և կարող հայոց աշխարհին տիրել, բայց փորձը ցույց տվեց, որ կրկին տապալվում են»: Ապա հավելեց, որ հարստությամբ զենք կգնես, բայց մարտական ոգի չես գնի:
Հետախուզական վաշտի հրամանատարն ամուսնացած է, ունի երկու երեխա՝ տղա և աղջիկ: Տանը հրամանատարին միշտ փորձում են ինչ-ինչ հարցերով ուրախացնել, որպեսզի միշտ տրամադրությունը բարձր լինի, որ զորամասում միայն դրական լիցքեր փոխանցի վաշտի զինծառայողներին և միասին հանգիստ աշխատեն:
Նույն զորամասի հրետանու պետի կառավարման դասակի հետախուզական ջոկատի հրամանատար, ավագ սերժանտ Լիպարիտ Ղազարյանը ծառայում է երկվորյակ եղբոր հետ, որը ևս սերժանտ է, հետախույզ: Երկու եղբայր իրենց առջև դրված պարտականությունը հպարտությամբ են կատարում: «Վերջին իրադարձություները ցույց տվեցին, որ մենք միասնական ենք, մարտնչող, ադրբեջանցին, որը չգիտի՝ որտեղից է եկել, ուր է գնում, չի կարող տիրել Արցախ աշխարհին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին եղբայրները՝ հավելելով, որ տարբեր ժամանակահատվածում հակառակորդի տեխնիկա են հայտնաբերում ՝ հիմնականում տանկեր: Շարժը հատկապես հրադադարի ռեժիմի խախտման ինտեսիվ ժամանակահատվածում է նկատվել:
«Ուժեղ ենք, հզոր հակառակորդի ներխուժումները միշտ կանխել ենք»,- ասացին հայրենիքի պաշտպան եղբայրները:
Նույն դասակի ավագ սերժանտ Կարապետյանը հասարակությանը, իր ընկերներին, հարազատներին հորդորեց վստահ լինել՝ իրենք միշտ պատրաստ են անառիկ պահել մեր սահմանները: Կարապետյանը ընկերուհի ունի, ծառայությունը ավարտելուց հետո փորձելու է աշխատանքի տեղավորվել և ընտանեկան կյանք կառուցել: «Ընկերուհուս մաղթում եմ համբերություն»,- եզրափակեց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











































