ԱՄՆ հատուկ ծառայությունները, նախագահ Բարաք Օբամայի հրամանով, փորձել են գաղտնի գործողություն իրականացնել ամերիկացի պատանդներին, որոնց թվում էր նաև ավելի ուշ «Իսլամական պետություն» կազմակերպության գրոհայինների ձեռքով Սիրիայի տարածքում մահապատժի ենթարկված լրագրող Ջեյմս Ֆոուլին, ազատ արձակելու ուղղությամբ, հաղորդում է The Washington Post-ը։
«Ամռան սկզբին նախագահը հրամայել էր հատուկ գործողություն անցկացնել ԻԼԻՊ-ի կողմից առևանգված ամերիկյան քաղաքացիներին փրկելու ուղղությամբ»,- պարբերականը մեջբերում է երկու բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկի խոսքերը, որոնք Սպիտակ տան կողմից պաշտոնապես լիազորված էին հաղորդել այն լրագրողների ոչ մեծ խմբի համար։
Թե որտեղ է հատկապես անցկացվել հատուկ գործողությունը, լրագրողների զրուցակիցները հրաժարվել են ճշտել։ Դրանց, նրանց խոսքերով, մասնակցել են հատուկ նշանակության ջոկատի մի քանի տասնյակ մարտիկներ։ Ամերիկացիների գտնվելու վայրի մասին տեղեկությունները ամերիկյան հատուկ ծայռայութունները ստացել են եվրոպացի պատանդներից, որոնք գերությունից գարնանն էին ազատվել և հարցաքննվել էին հետախուզության կողմից։
Մարտի արդյունքում, նրանց խոսքով, սպանվել են մեծ թվով գրոհայիններ։ Մեկ հատուկ ջոկատային վիրավորվել է։ Սակայն գործողությունը ձախողվել է, քանի որ դրանից առաջ ահաբեկիչները պատանդներին տեղափոխել էին ուրիշ վայր։
Գերմանական Der Spiegel ամսագիրը որոշ մանրամասներ է բերել ամերիկացի պատանդների ազատ արձակման գաղտնի գործողությունից։ Պարբերականի տվյալներով, այն անցկացրել է Night Stalkers հատուկ ուղղաթիռային ստորաբաժանումը, որի մարտիկները երկու Black Hawk մարտական ուղղաթիռներից իջել են Սիրիայի Ռաքքա քաղաքի մերձակայքում։









































