Արդեն երկու օր է՝ «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները ֆեյսբուքյան՝ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» խմբում ֆլեշմոբ են անցկացնում:
Մասնակիցները գրառումներ են կատարում, որոնք, օրինակ, ունեն մոտավորապես հետևյալ բովանդակությունը. «Ես Լևոն Զաքարյանն եմ, ՀՀ քաղաքացի, աշխատում եմ և վճարում եմ հարկեր իմ երկրի համար, այդ թվում նաև սոցիալական վճարներ: Չեմ պատրաստվում և ոչ մի կոպեկ իմ աշխատավարձից փոխանցել նպատակային սոցիալական վճար կոչված թալանի համար ո՛չ հիմա և ո՛չ էլ առավել ևս 2017 թվականի հունիսից հետո»: «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, մասնագիտությամբ ծրագրավորող Մանուկ Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ ֆեյսբուքյան այս ֆլեշմոբը նպատակ ունի ուշադրություն հրավիրել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի թերությունների վրա: Այդ թերություններից մեկն, ըստ նրա, այն է, որ սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու դիմումի ձևը հրապարակվեց օգոստոսի 15-ին, և մասնակիցներն ու գործատուները էլեկտրոնային եղանակով իրենց դիմումները և եկամտային հարկի ու սոցիալական վճարի հաշվարկը պետք է հասցնեն ներկայացնել մինչև օգոստոսի 20-ը: Մանուկ Զաքարյանը այս ժամկետները շատ կասկածելի է համարում:
«Այստեղ նրանք նորից խորամանկ քայլի են դիմել, թողել են օգոստոսի 15-ին: Ստացվում է, որ օգոստոսի 15-ից հետո երեք օր ոչ աշխատանքային օր է, և ընդամենը մի քանի օր կա հաշվետվությունները ներկայացնելու համար: Այդ օրերն են օգոստոսի 19-ը և 20-ը: Փաստացիորեն, եթե մարդիկ կամ հաշվապահները չկարողանան ինչ-որ դիմումներ գրել, հաշվետվությունները կատարել, ստացվում է՝ արհեստականորեն տեխնիկական խոչընդոտներ են ստեղծում, որ այդ մարդկանց թեկուզ այս մեկ ամսվա վճարները կորզեն»,- ասում է նա: Այսինքն՝ եթե քաղաքացին հրաժարվում է սոցիալական վճար կատարել, այդ դեպքում պետք է դիմում ներկայացնի գործատուին:
Մանրամասները՝ 168.am-ում








































