Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Պանջիկիձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վրաստանը պատրաստվում է հետ կանչել իր մի շարք դեսպանների: Պանջիկիձեն հավելել է, որ հետկանչման ենթակա դեսպանների ցուցակը մեկ ամիս առաջ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիայի միջոցով ուղարկվել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, քանի որ նա է իրավասու դեսպանների նշանակման ու հետկանչման հարցում:
Ելնելով դիվանագիտական էթիկայի նկատառումներից՝ Պանջիկիձեն չի թվարկել դեսպանների ազգանունները: Նա միայն նշել է մեկ դիվանագետի ազգանանուն: Խոսքը Կոտե Գաբաշվիլիի մասին է, որը գլխավորում էր Իտալիայում Վրաստանի դիվանագիտական առաքելությունը և ինքն է հրաժարական տվել: Պանջիկիձեն հավելել է, որ այդ ցուցակում կան նաև այնպիսի դեսպաններ, որոնք իրենք չեն ցանկանում աշխատել «Վրացական երազանքի» հետ:
Նշվում է, որ, Իտալիայի դեսպանից բացի, զբաղեցրած պաշտոնները ցանկանում են լքել ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանն ու ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացուցիչը: Օրեր առաջ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլին դեսպանների հետկանչման դիմաց պահանջում է ազատ արձակել իր մի շարք ձերբակալված համակիրների: