Վրաստանի գլխավոր դատախազությունը այսօր հրապարակել է փաստաթղթեր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կոսմետիկ պրոցեդուրաների ծախսերի մասին: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Ըստ այդմ՝ 2009-2012թթ.-ներին Սաակաշվիլին իր և իր ընտանիքի անդամների կոսմետիկ պրոցեդուրաների վրա ծախսել է 673.260 լարի (մոտ 450 հազար դոլար): Անձամբ նախկին նախագահի վրա պետբյուջեից ծախսվել է 399.495 լարի (մոտ 220 հազար դոլար):
Հասարակական մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով՝ գերատեսչությունը մանրամասնել է, որ այդ գումարը մասնավորապես Սաակաշվիլին ծախսել է Եվրոպայի բուժհաստատություններից մեկում բոտոքսի ներարկման և մազահեռացման համար:
Սաակաշվիլին ավելի վաղ հայտարարել է, որ կոսմետոլոգիական պրոցեդուրաների չի դիմել, չկան դրա ապացույցները: Ի պատասխան՝ դատախազությունը հայտնում է, որ Սաակաշվիլին ապօրինի վատնել է 8.837.461 լարի (մոտ հինգ մլն դոլար), և դրա փաստաթղթային ապացույցներն առկա են:
Վրաստանի գլխավոր դատախազությունը մտադիր է այսուհետ ևս հրապարակել Սաակաշվիլիի ծախսերի մանրամասները:




































