Երկար սպասված աշունը մոտենում է, և արդեն նկատելի է, որ այն դժվար թե թեժ լինի: Սպասվում էր, որ աշունը թեժ է լինելու ոչ իշխանական քառյակի շնորհիվ, և որ այն պայմանավորված էր լինելու նրանց կողմից իշխանություններին ուղղված 12 պահանջներով: Այդ պահանջները մեծամասամբ կատարված չեն, իսկ քառյակը նշել է, որ աշնանը կհրավիրի համապետական հանրահավաք, որտեղ «կամփոփվի պահանջների կատարումը, և կորոշվեն հետագա համատեղ գործողությունները»:
Արդեն իսկ պարզ է, որ կառավարությունն այդ պահանջները հիմնականում չի կատարել: Աշնանը շատ քիչ ժամանակ է մնացել, և քառյակի համար արդեն մոտենում է ճտերը հաշվելու ժամանակը: Իսկ կառավարությունը չի կատարել հատկապես առավել առանցքային պահանջները: Չի կատարվել, օրինակ, այն պահանջը, որն առաջարկում է Ընտրական օրենսգրքում այնպիսի փոփոխություններ անել, որ ընտրություններից հետո հրապարակվի ընտրությանը մասնակցած քաղաքացիների ստորագրված ցուցակը: Ոչինչ չի արվել նաև տնտեսական մենաշնորհը վերացնելու և ազատ տնտեսական գործունեությունը երաշխավորող մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ: Այս երկու պահանջները համակարգային և սկզբունքային նշանակություն ունեցող երևույթներ են, որոնք իշխանությունների գոյության գրավականն են: Իսկ պահանջների մի մասի դեպքում խիստ մոտավոր փոփոխություններ են արվել, բայց մեծ մասի դեպքում ոչինչ չի արվել: Այնպես որ` աշնանը քառյակը հաստատ հանրահավաք հրավիրելու, գնահատական հնչեցնելու, առավել ևս՝ աշունը թեժացնելու բոլոր հիմքերն ունի` հատկապես, եթե իշխանափոխության նպատակ ունի: Բայց արդյոք կթեժացնի՞:
Բանն այն է, որ քառյակի որոշ կուսակցություններ այդ պահանջների կատարման ուղղությամբ արդեն իսկ դրական առաջընթաց են տեսել: Օրինակ` ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն արդեն ասել է, թե «իհարկե, խնդիրներ կան, որոնց դեպքում որոշակի դրական տեղաշարժ եղավ, և դրա մասին չխոսելը, իհարկե, ազնիվ չի լինի, բայց խնդիրներ կան, որոնք ընդհանրապես չեն լուծվել»: Այնպես որ` ԲՀԿ-ն աշնանային այդ հաշվետու համագումարի ժամանակ հավանաբար դրական տեղաշարժ կարձանագրի, թե քառյակի 12 կետերի կատարման և թե ընդհանրապես կառավարության գործունեության մեջ: Հատկապես, որ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամին է: Իսկ Հ. Աբրահամյանին վարչապետ դարձնելու համար ԲՀԿ-ն տարիներ շարունակ մեծ պայքար է մղել՝ վերջին շրջանում այդ գործին ծառայեցնելով ոչ իշխանական քառյակի գրեթե ողջ գործունեությունը:
Ամենայն հավանականությամբ ԲՀԿ-ի նման կիսադրական գնահատական կտա նաև Դաշնակցություն կուսակցությունը: Իսկ ահա ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունները երկուսով առայժմ չունեն այն ուժը և հնարավորությունը, որ կարողանան աշունը թեժացնել: Հատկապես, որ նրանք առայժմ կաշկանդված են քառյակի ուժերի հետ համաձայնեցված գործունեություն վարելու պայմանավորվածություններով: Եվ ինչպես «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն է ասել մեզ հետ զրույցում, քառյակում առավել արմատականները ինչ-ինչ հարցերում զիջումների են գնացել: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ այս աշունն այնքան թեժ չի լինելու:
Բայց այդ դեպքում էլ քառյակը, հատկապես ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն որոշակի բացատրություններ տալու խնդիր կունենան: Չէ՞ որ նրանք էլ են ստորագրել 12 պահանջների ու դրանց չկատարման դեպքում արժանի գնահատական տալու մասին փաստաթուղթը: Ի՞նչ է, աշնանն այդ երկու կուսակցությունները պետք է ասեն, թե քանի որ կուտակային կենսաթոշակների մասին օրենքում կամ շրջանառության հարկի հետ կապված որոշակի փոփոխությունների արդյունքում իրենք կառավարության գործունեության մեջ դրական քայլեր են արձանագրում, այդ պատճառով էլ չեն ցանկանում ճնշում գործադրել իշխանությունների վրա այնպես, ինչպես դա անում էին գարնանը, երբ վարչապետ էր Տիգրան Սարգսյանը: Թե՞ վերջինիս Հ. Աբրահամյանով փոխարինելն արդեն ենթադրում է, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է զարգացման փուլում:
Ամեն դեպքում, աշնանը քառյակից հակապես ԲՀԿ-ն որոշակի անհարմարություն է ունենալու քաղաքական դաշտին ու հանրությանը բացատրելու, թե ինչու նախկին ոգևորությամբ չի քննադատում իշխանություններին: ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանին երբեք չի քննադատել, և դատելով վերջինիս ու Գ. Ծառուկյանի՝ գոնե արտաքուստ ջերմ հարաբերություններից, չի էլ քննադատի: Վերջին տարիներին ԲՀԿ-ի համար իշխանությունը սահմանափակված է եղել կառավարության շրջանակներում: Իսկ Հ. Աբրահամյանի կառավարությանն էլ քննադատեն, որ ի՞նչ անեն, չէ՞ որ նա ՀՀԿ-ից առավել իրենց վարչապետացուն է եղել: Կամ ինչո՞ւ պետք է խիստ գնահատականներ հնչեցնեն, եթե իշխանություններն այդ կուսակցությանը շարունակում են տալ հսկայական բիզնես-արտոնություններ:
Ամեն դեպքում, աշունը մոտենում է, և ընդամենը մեկ ամսից այս կուսակցություններն ու հատկապես ԲՀԿ-ն պետք է գնահատականներ հնչեցնեն: Եվ ահա, գնահատականներ տալու այդ անհարմար հեռանկարից խուսափելու համար է, որ իշխանություններին ինչ-որ սցենարներ կամ գործարքներ են առաջարկում: Օրինակ` հրաժարվել Սահմանադրական փոփոխություններից: Քառյակի ուժերը, այդ թվում և` ԲՀԿ-ն կողմ են արտահայտվել խորհրդարանական կառավարման համակարգին, ինչը կա նաև առաջարկվող փոփոխությունների նախագծում: Սակայն այնտեղ կան այլ փոփոխություններ, որոնք հավանաբար 2017-2018թթ. ընտրություններին ԲՀԿ-ին ու այդ ուժի հետ հույսեր կապող գործիչներին մեծ հեռանկարներ չեն խոստանում: Հավանաբար հենց այդ պատճառով էլ ԲՀԿ-ն իշխանություններին գործարք է առաջարկում. երկխոսություն՝ սահմանադրական փոփոխություններից հրաժարվելու դիմաց: Իսկ այս մասին՝ հաջորդ դասին:
Լուսանկարը՝ Photolure-ի









































