Ինչպես տեղեկացրել էինք, այսօր հարյուրավոր եզդիներ կառավարության շենքի դիմաց ակցիայից հետո փակել էին Հանրապետության հրապարակից Տիգրան մեծ տանող ճանապարհը՝ եզդի համայնքի ներկայացուցիչների մի մասը նստել էին փողոցի կենտրոնում: Ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը: Եզդիները կրկին վերադարձան կառավարության շենքի դիմաց, քանի որ այնտեղ ոստիկանների միջոցով տեղեկացել էին, որ իրենց հետ խոսելու է եկել կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
Համայնքի ներկայացուցիչները կառավարության ներկայացուցչին լսելուց հետո կրկին պահանջում էին հանդիպում Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն նրանց փոխանցեցին, որ այսօր վարչապետը չի կարող խոսել նրանց հետ: Եզդիները կառավարության ներկայացուցչին փոխանցեցին, որ իրենք ակնկալում են, որ Հայաստանը իրենց հարցը բարձրացնի ՄԱԿ-ում և այլ միջազգային ատյաններում, այնինչ հիմա վարչապետը չի ուզում իջնել:
Կառավարության շենքի մոտ էր Վալերի Օսիպյանը, որը խոսելով եզդի համայնքի ներկայացուցիչների հետ՝ նշեց, որ այս պահին նրանց բերման չեն ենթարկում՝ հասկանալով, թե ինչ վիճակում են, բայց դա չի նշանակում, որ կարող են ճանապարհ փակել. եթե փորձեն օրենքը խախտել, ապա իրենք ստիպված կլինեն օրենքի սահմանված կարգով գործողությունների դիմել:
Այս պահին եզդի համայնքի ներկայացուցիչները շարժվում են դեպի Ֆրանսիայի դեսպանատուն:
Լուսանկարը՝ operativ.am-ի





































