Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ից պահանջել է դուրս բերել զորքերը Կորեական թերակղզուց: Այս մասին ասվում է Փխենյանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Կորեաների խաղաղ միավորման հարցերով ազգային կոմիտեի կողմից՝ փոխանցում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:
«Մենք Սեուլից պահանջում ենք խզել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև լուծել Հյուսիսի և Հարավի միջև խնդիրները բացառապես կորեացի ժողովրդի ջանքերով, եթե Սեուլում իսկապես հետաքրքրված են թերակղզում խաղաղությամբ ու լարվածության լիցքաթափմամբ»,- ասվում է կոմիտեի հայտարարության մեջ:
Համաձայն փաստաթղթի, որը հրապարակվել է Կորեայի ազատագրման 69-րդ տարվա առիթով, Հյուսիսային Կորեան պնդում է, որ հարավկորեական իշխանությունները ձեռնարկեն հստակ քայլեր՝ Հյուսիսի և Հարավի համաձայնագրերի իրականացման համար:
«Հարավային Կորեայի իշխանությունները պետք է ոչ թե խոսքերով, այլ գործով ցույց տան Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների բարելավման ձգտումը»,- ընդգծվում է հայտարարության մեջ:
Այլ պահանջների շարքում է ԱՄՆ-ի հետ Ulchi-Freedom Guardian ծածկանվամբ մասշտաբային մանևրումների անցկացումից հրաժարումը, երկաթբետոնե պատի ապամոնտաժումը, բոլոր մեխանիզմների վերացումը, որոնք խոչընդոտում են կողմերի միջև շփումներին, այցերին և համագործակցությանը:




































