Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության ընթացքում զոհվել են մարդասիրական և սոցիալական ոլորտի 30 աշխատակիցներ: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Գլխավոր քարտուղարի ներկայացուցչի խոսքով՝ այդ թվում ներառված են Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության 11 աշխատակիցներ, 7 բուժաշխատողներ, ովքեր սպանվել են ծառայության ժամանակ, 4 բժիշկներ, ովքեր զոհվել են իրենց տներում կամ ճանապարհին, ինչպես նաև 8 հրշեջներ:
Նրա խոսքով՝ նրանք բոլորը զոհվել են հուլիսի 8-ից 12-ը: Այդ ընթացքում վնասվածքներ են ստացել 74 սոցաշխատողներ, այդ թվում՝ 38 բժիշկներ և քաղպաշտպանության միավորումների 34 ներկայացուցիչներ:
Երեքշաբթի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողություններն անվանել է անհամաչափ և հայտարարել, որ պաղեստինցի գրոհայինների գործողությունները չեն արդարացնում քայլերը, որոնք սպառնալիքի տակ են դնում հազարավոր անմեղ խաղաղ բնակիչների կյանքն ու անվտանգությունը:









































