Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Խամզա Ֆերոյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:
Խամզա Ֆերոյանը մեղադրվել ու դատական ակտով մեղավոր է ճանաչվել գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Խամզան գողությունը կատարել է իր ընկերոջից:
2013 թվականի սեպտեմբերի 16-ին 30-ամյա Խամզան զանգահարել է իր ընկեր Արմանին և առաջարկել է գնալ Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գործող «Անգել» ակումբ՝ զվարճանալու:
Արմանը համաձայնել է:
Նույն օրը, ժամը 20-ին երիտասարդներն այցելել են «Անգել» ակումբ, ոգելից խմիչք են օգտագործել, զվարճացել:
Հետո նրանց են միացել ծանոթուհիները՝ Հայարփին ու Լուիզան:
Մի քանի ժամ այս քառյակը զվարճացել է ակումբում, հետո որոշել են չորսով գնալ Երևան քաղաքի Կողբացի փողոցում գործող «Վան» հյուրանոց:
Հյուրանոցում առանձնասենյակ են վերցրել, Արմանն ու Լուիզան առանձնացել են, իսկ Խամզան Հայարփիի հետ օղի է խմել ու զրուցել:
Կես ժամ անց Լուիզան դուրս է եկել սենյակից ու ասել, թե Արմանը քնել է:
Խամզան մտել է սենյակ, օգտվել այն հանգամանքից, որ Արմանը քնած է, նրա պարանոցից գաղտնի վերցրել է 1 միլիոն դրամ արժողությամբ ոսկե շղթան:
Խամզան տեսել է նաև, որ պահարանին դրված են Արմանի բանկային քարտն ու գաղտնագիրը: Վերցրել է դրանք նույնպես:
Այնուհետև Խամզան դուրս է եկել սենյակից, ճանապարհել է աղջիկներին՝ Հայարփիին ու Լուիզային, դրանից հետո գնացել է մոտակա բանկոմատ ու Արմանին պատկանող քարտից կանխիկացրել է 40 հազար դրամ:
Ապա վերադարձել է «Վան» հյուրանոց: Արմանի բանկային քարտը դարձյալ դրել է պահարանին՝ նախկին տեղը, իսկ ոսկե շղթան պահել է իր գրպանում:
Հետագայում նա այդ շղթան վաճառել է մի պատահական մարդու, իհարկե՝ ոչ մեկ միլիոն դրամով, գումարը ծախսել է անձնական կարիքների համար:
Իսկ դեպքի հաջորդ օրը՝ առավոտյան ժամը 9-ի սահմաններում, Արմանն արթնացել է խոր քնից ու նկատել է, որ պարանոցի շղթան չկա: Իսկ երբ փորձել է բանկային քարտով վճարել հյուրանոցի համար, պարզել է, որ քարտի հաշվից էլ պակասում է 40 հազար դրամը:
Առաջինը Արմանը հարցուփորձ է արել ընկերոջը՝ Խամզային, ով չքմեղացել ու ասել է, թե ոչնչից տեղյակ չէ:
Մեղքը բարդվել է ծանոթուհիների՝ զվարճանքի սիրահար կանանց վրա:
Պարզաբանումներ կատարելու նպատակով Արմանը ցանկացել է հանդիպել կանանց հետ: Խամզան էլ միացել է ընկերոջը:
Հայարփին ու Լուիզան երդվել են, թե ոսկե շղթայից տեղեկություն չունեն, իսկ այ՝ բանկային քարտը տեսել են… Խամզայի մոտ:
Արմանը 2013 թվականի նոյեմբերի 16-ին դիմել է ոստիկանություն:
Խամզայի կատարածը բացահայտվել ու հիմնավորվել է բանկոմատի տեսախցիկի կատարած նկարահանմամբ…
Ըստ դատական ակտի՝ Խամզա Ֆերոյանը գաղտնի հափշտակություն կատարելով՝ տուժողին պատճառել է 1 միլիոն 40 հազար դրամի գույքային վնաս:
2014 թվականի փետրվարի 17-ին Խամզայի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, որովհետև դեպքից հետո Խամզան, մտածելով, թե չի բացահայտվի, մեկնել է Ռուսաստան: Բայց նրան տեղեկացրել են, որ հետախուզվում է ընկերոջից կատարած գողության համար:
Դրականն այն է, որ նա այլևս չի թաքնվել, անմիջապես վերադարձել է Հայաստան՝ կամովին ներկայանալու: Բայց բռնվել է օդանավակայանում՝ Հայաստան ոտք դնելուն պես: Մարտի 10-ին Ֆերոյանն առնվել է կալանքի տակ: Նրան էտապավորելու, լրացուցիչ գումարներ ծախսելու կարիք չի եղել:
Ընդհանուր իրավասության դատարանում Խամզան իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Գործը նրա միջնորդությամբ քննվել է արագացված ընթացակարգով:
Որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք՝ դատարանը հաշվի է առել նրա խնամքին 3 անձի, այդ թվում՝ մինչև 14 տարեկան երկու երեխայի առկայությունը, ինչպես նաև այն, որ նա լիովին հատուցել է տուժողին պատճառած գույքային վնասը:
Որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք՝ դատարանը հաշվի է առել, որ Ֆերոյանը հանցավոր արարքը կատարել է ալկոհոլ օգտագործած վիճակում, չնայած համապատասխան բժշկական տեղականք գործում առկա չէ, դեպքից անմիջապես հետո Ֆերոյանի խմածությունը չի ստուգվել:
Մեղադրողը միջնորդել է Խամզա Ֆերոյանին դատապարտել 3 տարի ազատազրկման:
Ընդհանուր իրավասության դատարանը Խամզա Ֆերոյանին մեղավոր է ճանաչել գողության համար ու դատապարտել 2 տարի ազատազրկման:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Ֆերոյանի շահերի պաշտպանը:
Վերաքննիչ քրեական դատարանում փաստաբան Անահիտ Ավագյանը ներկայացրեց իր բողոքի հիմնավորումները և խնդրեց, որ դատավճիռը պատժի մասով փոփոխվի, Խամզա Ֆերոյանի նկատմամբ կիրառվի պայմանական դատապարտություն, նրա նկատմամբ փորձաշրջան նշանակվի, ու նա ազատվի կալանքից:
Պաշտպանի գլխավոր հիմնավորումը նստած էր հենց դատարանի դահլիճում:
Խամզայի կույր մայրն էր:
Ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում ևս կույր մայրը նստած է եղել, ու համապատասխան փաստաթուղթն է առկա քրեական գործում, որ ամբաստանյալի խնամքին է առաջին խմբի հաշմանդամ՝ կույր մայրը:
Սակայն դատարանը իր կայացրած դատական ակտում այս հանգամանքը շրջանցել է՝ ընդամենը նշելով, թե ամբաստանյալի խնամքին երեք անձ կա, ու որպես մեղմացուցիչ հանգամանք դիտել է միայն մինչև 14 տարեկան երկու երեխայի առկայությունը թեթևամիտ երիտասարդ հայրիկի խնամքին:
Դատարանը չի նշել, որ Ֆերոյանը կույր մոր միակ խնամակալն է, փաստորեն, և այդ հանգամանքը որպես մեղմացուցիչ չի դիտել:
Կույր կինը դատավճռին ծանոթանալով՝ ասել է. «Էդ ես եմ կույր, բա դատավորը չտեսա՞վ ինձ, ամբողջ նիստի ընթացքում դատարանի դահլիճում նստած էի»:
Խամզա Ֆերոյանի մայրը կուրացել է որդու ծննդյան պահին: Հետո ամուսինը հեռացել է կույր կնոջից: Վերջինս մենակ է մեծացրել իր աչքերի լույս որդուն:
Գյուղը զարմացել է, թե ինչ մաքուր է նա պահում որդուն, իր տունը, ինչ աշխատասեր ու մաքրասեր է:
Հիմա էլ դատարանի դահլիճում ժամերով նստած այս անառողջ կինը մի անգամ չտրտնջաց: Նիստը չխանգարեց: Նա համբերության մարմնացում էր, բայց անհամբերությամբ սպասում էր վերաքննիչ դատարանի դատական ակտին:
Կնոջ ցավը ոչ միայն ազատությունից զրկված որդին էր, այլև ներկայումս իր՝ կույր կնոջ խնամքին մնացած երկու տղա թոռները՝ Խամզայի տասը և ութ տարեկան որդիները:
Խամզայի կինը երկու զավակներին թողել է ամուսնու և նրա կույր մոր խնամքին ու ընտանիքից հեռացել է դեռ 2012 թվականին: Նա նեղացել է Խամզայից՝ դավաճանության համար: Բայց թողել է նաև իր երեխաներին ու գնացել է հայրական տուն:
Երեխաներին տարիներ շարունակ մեծացնում է կույր տատիկը: Ու գյուղական համայնքը, դպրոցն ու ուսուցիչները նորից փաստում են, որ երեխաները խնամված են, մաքուր, իրենց հոր՝ արդեն վեց ամիս ազատազրկված լինելու պայմաններում՝ կերակրված են ու ընտանեկան հարկի տակ:
Եվ այսօր կույր մայրը դատարանի դահլիճում ժամերով տանջվում էր՝ ավելի շատ թոռների համար մտահոգ: Նա ասում էր, թե իրեն պետք է միայն, որ որդին ազատության մեջ լինի, ընտանիքը նյութապես ապահովի, մնացած կարիքները ինքն ի վիճակի է հոգալու: Նա կով է կթում, տունն է մաքրում, լվացք է անում՝ բոլորից մաքուր…
Միայն թե ճակատագրի կողմից ծեծված այս կինը երկու անգամ ենթարկվել է գլխի վիրահատության, հիմա էլ առաջացել է նոր վիրահատության կարիք…
Գյուղապետարանից տրված տեղեկանքում ասվում է, թե Խամզա Ֆերոյանը դրական է բնութագրվում, համայնքը խնդրում է նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել ու անազատության մեջ չպահել, որովհետև նա գյուղական իր ընտանիքի՝ կույր մոր, երկու անչափահաս տղաների միակ կերակրողն է, գյուղական տնտեսության միակ ամուր ու առողջ ձեռքը: Եթե դատավճիռը՝ երկամյա ազատազրկումով, ուժի մեջ մտնի, գյուղական համայնքը պետք է միջոցներ ձեռնարկի անչափահաս երեխաների խնամքը համապատասխան հաստատությանը հանձնելու համար, ինչը ցանկալի չէ, երեխաները ընտանիքում մեծացող երեխաներ են, ընտանիքից կտրվելը նրանց համար ծանր կլինի…
Ֆերոյանի շահերի պաշտպանը նշեց, որ այս գործով տուժողը, ստանալով իր վնասի ամբողջական հատուցումը, մեղմություն է խնդրել Խամզայի համար և անակնկալի է եկել նրա նկատմամբ սահմանված խիստ պատժից:
Պետք է ասել, որ հոդվածի տվյալ մասով նաև տուգանքի ձևով պատիժ է նախատեսված, դատարանը կարող էր նաև այդ պատժատեսակը սահմանել նախկինում չդատված երիտասարդ այս հայրիկի նկատմամբ, ով իր թեթևամտությամբ հանդերձ՝ հայտնվել է կյանքի շատ բարդ պայմաններում:
Նա ընդունել է մեղքը, զղջացել կատարածի համար, ընտանեկան աննախադեպ պայմաններում է գտնվում, էլ ո՞ր դեպքում պետք է կիրառվի հոդվածով նախատեսված այլ պատժատեսակը կամ գոնե՝ պայմանական դատապարտությունը:
Պաշտպանի բողոքի դեմ առույգ ձայնով առարկեց երիտասարդ մեղադրողուհին: Նա, որպես իր առարկության հիմնավորում, հիշեց ամբաստանյալի խոսքը՝ թե զղջում է կատարածի համար, այլևս նման բան չի անի: «Ահա, ուրեմն ազատազրկումը, կալանավայրում գտնվելը ուղղում է ամբաստանյալին, ուրեմն պատիժը ճիշտ է սահմանված, թող նա շարունակի կալանավայրում էլ մնալ, ազատազրկման ձևով պատիժը պետք է թողնել անփոփոխ»: Այսպիսի եզրակացություն՝ գործի այսպիսի հանգամանքներում…
Մեղադրողուհին անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ գյուղում ապրող, գյուղական տնտեսություն վարող Խամզա Ֆերոյանը, որ ընտանիքի միակ կերակորղն է, ոչ մի տեղ, ըստ փաստաթղթի, չի աշխատում: «Ինչպե՞ս է պահում ընտանիքը, ուրեմն՝ հանցավոր ճանապարհով»… Այս աննախադեպ եզրակացությունները միայն մարդու անփորձությա՞ն, թե՞ նաև անսրտության հետևանք էին…
Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մ. Արղամանյան, Հ. Տեր-Ադամյան, Ս. Չիչոյան կազմով, դատարանի դահլիճում նստած կույր կնոջը տեսավ ՝ ի տարբերություն ընդհանուր իրավասության դատարանի և մեղադրողի տեղում նստած աղջկա:
Դատական այս երկրորդ ակտում կույր մոր մասին հաստատ կնշվի, այդ փաստն այլևս չի քողարկվի: Որովհետև պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարվեց, պատժի մասով փոփոխվեց ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:
Խամզա Ֆերոյանը մեղավոր ճանաչվեց գողության համար, դատապարտվեց 2 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառվեց, սահմանվեց 2 տարի փորձաշրջան:
Խամզա Ֆերոյանն անհապաղ ազատվեց կալանքից:
Կույր մայրը դեռ հեռվից զգաց ազատություն ստացած որդու մոտենալը…
Միջանցքում էլ Խամզային սպասում էր տասնամյա որդին…








































