Երկուշաբթի օրն իրանցի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռուհանին սուր քննադատության է ենթարկել իր պահպանողական քննադատներին, որոնք հանդես են գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ արևմտյան տերությունների հետ համաձայնության դեմ՝ նրանց ուղարկելով «դժոխք»: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Թեհրանում իրանցի դեսպանների ամենամյա հանդիպման ընթացքում Ռուհանին իր քննադատներին անվանել է «քաղաքական վախկոտներ»:
«Ամեն անգամ, երբ մենք գնում ենք բանակցությունների, հայտնվում է մարդկանց խումբ, որոնք խոսում են մեր թույլ լինելու մասին: Սատանան նրանց հետ: Գնացեք ու ձեզ համար ավելի տաք տեղ գտեք: Ի՞նչ պետք է անենք մենք»,- ասել է Ռուհանին:
Նա հայտարարել է, որ իր կառավարությունը կշարունակի զսպվածության և Արևմուտքի հետ «կառուցողական համագործակցության» քաղաքականությունը:
Ռուհանին հայտարարել է, որ իր կառավարությունը ձգտում է փոխշահավետ որոշման, որի դեպքում և Իրանը, և Արևմուտքն իրենց հաղթող կզգան: Սակայն խիստ կուրսի կողմնակիցները շարունակ քննադատում են երկրի նախագահին՝ պնդելով, որ իրենք թույլ չեն տա, որ դա տեղի ունենա:







































