Իրանը պատրաստ է Եվրոպա գազ մատակարարել Nabucco գազատարով, երկու եվրոպական երկիր արդեն հետաքրքրվել է դրանով: Այս մասին իրանական ԶԼՄ-ներին հայտնել է Իրանի նավթի նախարարի միջազգային հարաբերությունների հարցերով տեղակալ Ալի Մաջեդին, տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով՝ մինչ Եվրոպան մտադիր է դիվերսիֆիկացնել էներգառեսուրսների փոխադրումները, Իրանն աշխարհում իր գազի՝ խոշորագույն պահեստներով կարող է Եվրոպային գազ տրամադրել Nabucco-ով:
Նա ավելացրել է, որ վերջերս Իրան են այցելել 2 պատվիրակություններ եվրոպական երկրներից, որոնք նա չի նշել, գազի հնարավոր երթուղիները քննարկելու համար: Մաջեդին կարծում է, որ տարբեր երթուղիներ կան, ներառյալ՝ փոխադրումները Թուրքիայով, Իրաքով, Սիրիայով, Կովկասով և Սև Ծովով: Ըստ նրա՝ թուրքական երթուղին լավագույնն է:
Մաջեդին նշել է նաև, որ Թուրքիան հետաքրքրություն է հայտնել Իրանից Եվրոպա գազի փոխադրմանը մասնակցելու հարցում:
Բացի դրանից՝ Իրանը Եվրոպա հեղուկացված բնական գազ փոխադրելու պոտենցիալ ունի:
Nabucco-ն 3.300 կմ երկարությամբ գազատարի չիրագործված նախագիծ է, որը ձգվում է Թուրքմենստանից և Ադրբեջանից ԵՄ երկրներ: Նախագծի արժեքը կանխատեսվում էր 7,9 մլրդ եվրո:
Սկզբում նախատեսվում էր շինարարությունը սկսել 2011-ին, ավարտել՝ մինչև 2014-ը, սակայն իրագործումը մի քանի անգամ հետաձգվել է գազի հնարավոր մատակարարների հետ խնդիրների պատճառով: 2011-ի վերջին հաղորդվել է, որ նախագծի հանձնման ժամկետը երկարաձգվել է մինչև 2018 թ.:
2013-ի հունիսին հայտարարվել է, որ նախագիծը փակվել է, իսկ առաջնային նախագիծը հիմա Անդրադրիատիկ գազատարն է:









































