ԱՄՆ-ի զինվորականները կշարունակեն իրաքյան Քուրդիստանում ավիահարվածներ հասցնել ջիհադիստ գրոհայինների դիրքերին այն դեպքում, եթե նրանք սպառնան ամերիկացի դիվանագետներին և ռազմական խորհրդատուներին: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է երկրի նախագահ Բարաք Օբաման: Մինչդեռ իրաքյան բանակի և քրդերի ուժերը հայտարարել են հակահաված հասցնելու պատրաստակամության մասին, որպեսզի վերականգնեն երկրի հյուսիսում կորցրած տարածքների նկատմամբ վերահսկողությունը, հաղորդում է RFI-ը:
«Իսլամական պետության» գրոհայինների դիրքերի վրա կետային հարվածների վերաբերյալ որոշումը նախագահ Օբաման կայացրել է հինգշաբթի օրը՝ օգոստոսի 7-ին, այն բանից հետո, երբ իսլամիստները Իրաքի տարածքով դեպի հյուսիս՝ Քուրդիստան են շարժվել և սկսել են սպառնալ քրիստոնեական բնակչությանն ու տեղի եզդիներին: Փախստականների ընդհանուր քանակը վերջին օրերին հասել է 200 հազարի:
Քրդերի ինքնավարության մայրաքաղաքում է գտնվում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանը և կենտրոնացած է ամերիկյան ռազմական անձնակազմի մի մասը, որը Իրաք են ուղարկել ջիհադականների հետ ռազմական գործողություններում երկրի իշխանությունների հետ խորհրդատվություններ անցկացնելու նպատակով:
Էրբիլ քաղաքը գրոհայինների կողմից զավթելու դեպքում քուրդ աշխարհազորայինների ջոկատները կզրկվեն կարևոր անցակետից, իսկ իսլամիստները կկարողանան առանց խոչընդոտների շարժվել դեպի հյուսիս: Դա զանգվածային հումանիտար աղետ կդառնա:
Բարաք Օբամայի խոսքերով՝ Իրաքում հատուկ գործողության գլխավոր նպատակը խաղաղ բնակիչների զանգվածային կոտորածի կանխումն է: Անցած շաբաթ սուննի ծայրահեղականները սպառնացել են ոչնչացնել տեղի եզդիներին, որոնց հավատքը նրանք որպես «սատանայապաշտություն» են ընդունում:









































