Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) Էբոլա մահացու վտանգավոր տենդի տարածումը ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Կոմիտեն միաձայն գնահատել է, որ միջազգային նշանակություն ունեցող հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակի ստեղծման համար անհրաժեշտ պայմաններ կան»,- նշվում է Ժնևում արտակարգ կոմիտեի նիստի արդյունքներով ԱՀԿ-ի հայտարարության մեջ:
Կազմակերպության կարծիքով՝ բոլոր երկրները, որտեղ գրանցվել են Էբոլա տենդով վարակվելու դեպքեր, պետք է արտակարգ իրավիճակի ռեժիմ սահմանեն: Միաժամանակ, ԱՀԿ-ն միջազգային ուղևորությունները սահմանափակելու անհրաժշետություն չի տեսնում:
Էբոլա տենդը մահացու հիվանդություն է, որի դեմ վակցինա կամ բուժման միջոց չկա: Էբոլան տարածված է հիմնականում արևմտյան Աֆրիկայի երկրներում: Վերջին շաբաթներին Գվինեայում, Սիեռա Լեոնեում և Նիգերիայում մահացել է 932 մարդ:
Հինգշաբթի օրը Լիբերիայում Էբոլա տենդի բռնկման կապակցությամբ արտակարգ իրավիճակ է հայտարարվել:









































