Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական պետական «Բոթաշ» խողովակաշարային ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Գազի Դյուլգերը հայտարարել է, որ անհրաժեշտ է գազամբարներում պահել նվազագույնը 4 միլիարդ խորանարդ մետր գազ՝ հաշվի առնելով Թուրքիայում բնական գազի աճող սպառումը, և որ երկրում տարեկան սպառվում է 40 միլիարդ խորանարդ մետր գազ:
Դյուլգերի խոսքերով՝ Թուրքիան մշակել է ստորգետնյա գազամբարների ստեղծման նախագիծ, որն ավարտվելու է մինչև 2019 թվականը: Թուզ լճի տակ ստեղծվելիք գազամբարը բաղկացած է լինելու 12 հորատումից և ունենալու 1 միլիարդ խորանարդ մետր գազ ամբարելու հնարավորություն: Նախագիծը գնահատվում է 640 միլիոն դոլար: Այն իրականացնելու է չինական China Tianchen Engineering Corporation ընկերությունը:
Ներկայիս դրությամբ, Թուրքիայում գոյություն ունի միայն Սիլիվրիի գազամբարը, որը պատկանում է TPAO նավթագազային ընկերությանը: Դրա տարողությունը կազմում է 2.6 միլիարդ խորանարդ մետր:
Նշվում է, որ սեպտեմբերին Թուրքիան ավելացրել է հեղուկ գազի ներկրումը՝ այն հասցնելով 291,995 տոննայի: 2011 թվականի սեպտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 258,570 տոննա: Թուրքիային հեղուկ գազի հիմնական մատակարարներն են Ալժիրը, Ռուսաստանը, Նորվեգիան, Ղազախստանը, Ուկրաինան, Լիբիան, Սաուդյան Արաբիան, Իտալիան, Նիգերիան, ԱՄԷ-ն: