Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանգստյան օրերին կփորձի հանդարտեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության նոր ալիքը, ինչի հետևանքով երկու կողմերից եղան տասնյակ զոհեր: Չնայած ռուսական կողմի ջանքերին՝ փորձագետները կանխատեսում են հակամարտության սրում, գրում է RBK-ն:
Օրերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Սոչիում Պուտինն առանձին հանդիպումներ կանցկացնի Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ՝ չբացառելով, որ երկրների նախագահները կքննարկեն ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրումը: Նախատեսվում է, որ շաբաթ օրը՝ օգոստոսի 9-ին, Պուտինն առանձին հանդիպումներ կունենա յուրաքանչյուր կողմի հետ, իսկ կիրակի տեղի կունենան եռակողմ բանակցություններ: Ռուասսատնի նախագահի այցը Սոչի նախատեսվում էր դեռ նախքան հակամարտության սրումը:
Ավելի վաղ Երևանի կառավարությունը հայտարարել էր, որ շաբաթվա վերջին Սոչիում տեղի կունենա հայ-ադրբեջանական գագաթաժողով, ինչը նույնպես նախատեսված էր նախքան հակամարտության գոտում իրավիճակի սրումը: Բանակցություններում չի նախատեսվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ներկայությունը, RBK-ին հայտնել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը: Նա հիշեցրել է, որ 1990-ականների վերջերից Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի առաջնորդների միջև բանակցություններ չեն անցկացվել: Վերջին անգամ ակտիվ քայլեր ձեռնարկվեցին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից. 2012թ. հունվարին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեցին դարձյալ Սոչիում: Այդ հանդիպման արդյունքում, հաղորդվեց, որ կողմերը «փոխըմբռնման են հասել»:
Հուլիսի 31-ին երկար տարիների անդորրից հետո վերսկսվեցին մարտերը հայ և ադրբեջանական զորքերի միջև, գրում է RBK-ն: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը օգոստոսի 4-ին նշեց երկու կողմերի զոհերի վերջին տվյալները: «Ընդհանուր առմամբ հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 2-ը շփման գծի տարբեր ուղղություններում ադրբեջանական կողմն ունեցել է 25 զոհ և ավելի քան 30 վիրավոր: Նույն ժամանակահատվածում ԼՂ Պաշտպանության բանակը կորցրել է 5 զինծառայող, 7-ը վիրավորվել են»,- ասել է նա: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ իր կողմից զոհվել է 13 զինվոր: Երկու կողմերն էլ վերջին օրերի բախումները համարում են վերջին տարիներին ամենալայնածավալը: Այդ ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Սեյրան Օհանյանը հակամարտության գոտում հանդիպումներ են անցկացնում զինծառայողների հետ: Օհանյանը հայտարարել է, որ կառավարությունը պատրաստվում է բարձրացնել պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը, իսկ Հասանովը պարգևներ է հանձնել մարտերին մասնակցած զինծառայողներին:
Կողմերը շարունակում են միմյանց մեղադրել 1994թ. արձանագրություններով նախատեսված հրադադարի ռեժիմի խախտման և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ԼՂ հակամարտության կարգավորումն ի չիք դարձնելու փորձերի մեջ: Բաքուն կարծում է, որ հայկական կողմի դիպուկահարը սպանել է ադրբեջանցի զինվորի, ինչն էլ հրահրել է զինված դիմակայության վերսկսմանը: Երևանից հայտնում են, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը ներթափանցել է ԼՂ տարածք և կրակ բացել հրետանային զենքից և հրազենից:
Ադրբեջանում, Հայաստանում և Ռուսաստանում RBK-ի կողմից հարցված քաղաքագետները իրավիճակի սրման պատճառ են համարում վերջին շրջանում ոչ միայն բուն բանակցային գործընթացի, այլև եռակողմ բանակցությունների բացակայությունը: «Լարվածությունն աճեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակումբանակցությունները վերսկսելու անգամ փորձերի բացակայության ֆոնին»,- ասում է քաղաքագետ, Ադրբեջանի խորհրդարանի անդամ Ռասիմ Մուսաբեկովը՝ ընդհանուր առմամբ կատարվածի պատասխանատվությունը դնելով Հայաստանի վրա:
«Ադրբեջանական կողմը պարբերաբար սադրում է Հայաստանին, վերջին անգամ Երևանը կոշտ արձագանքեց ագրեսիային»,- ասում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նշելով, որ օգոստոսի 8-9-ին հազիվ թե անգամ նվազագույն չափով առաջընթաց գրանցվի:
Հետխորհրդային տարածությունում հասարակական-քաղաքական գործընթացների հետազոտության կենտրոնի տնօրեն Յուլյա Յակուշևան էլ վստահ է, որ իրավիճակի վրա ազդել է հոկտեմբերին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությունը: «Ռուսաստանի և Հայաստանի մերձեցումը չի կարող ձեռնտու լինել Արևմուտքին և նրա հետ սերտ կապված երկրներին: Կան ուժեր, որոնք հատկապես Ուկրաինայի իրադարձություններից հետո շահագրգռված են Ռուսաստանի պարագծում ճգնաժամային գոտի ստեղծելու մեջ»,- ասում է Յակուշևան:











































