Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտահայտությունը, թե «նույնիսկ ավելի վատ՝ իրեն հայ են անվանել», վրդովմունք է առաջացրել Թուրքիայում: Շատերը դատապարտում են նրան՝ ակնարկներն անվանելով «ռասիստական», որոնք վիրավորանք են պարունակում փոքրամասնությունների համար: Այս մասին հայտնում է Today`s Zaman-ը:
«Ինձ վրացի են անվանել: Ներողություն եմ խնդրում, բայց նույնիսկ ավելի վատն են ասել՝ ինձ հայ են կոչել,- ասել է Էրդողանը:- Բայց ես թուրք եմ»:
Շատերը դատապարտում են նրան իր հայ քաղաքացիներին վիրավորելու համար: Սա առաջին անգամը չէ, երբ Էրդողանը ներողություն է խնդրում Թուրքիայում բնակվող փոքրամասնության խմբի անունը հիշատակելիս: Նախկինում նա ներողություն է խնդրել նաև հույների անունը հիշատակելիս:
Էրդողանը նման ակնարկ է արել դեբատի ժամանակ՝ նվիրված անցած շաբաթ իր կողմից արված արտահայտությանը: Նա ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին կոչ էր արել ճանաչել, որ նա ալևի է: Փորձագետների կարծիքով՝ դա փորձ է վարչապետի կողմից՝ ամրապնդելու աջակցությունն իր հիմնական՝ սուննիական բազայում:










































