Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում երկու օրից կվիրահատեն դիպուկահարի կրակոցից վիրավորված զինծառայող Արմեն Պետրոսյանին:
Տիկին Սիլվան այս օրերին որդու մոտ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ հպարտ է, որ նման տղա է դաստիարակել, բանակ ուղարկել: Մյուս որդին էլ արդեն ծառայությունն ավարտել, վերադարձել է,շատ լավ է ծառայել:
Հինգ երեխաների մայրն իրեն հերոս մայրիկ է համարում. «Տղայիս հետ կատարվածը հայրենիքի համար էր, ես հպարտ եմ, բայց տա Աստված վերջինը լինի այս իրավիճակը, թող խաղաղ ձևով այս հարցերը լուծվեն, մեր երեխաները մեղք են»:
Տիկին Սիլվան նշեց, որ տղաները բանակ են մեկնել մեծ սպասումով, Արմենը նոյեմբերին պետք է զորացրվեր, սպասում էին անհամբերությամբ. «Ես այս պահին փառք եմ տալիս Աստծուն, որ նա ողջ և առողջ եկավ հասավ, թող աշխարհին խաղաղություն լինի, այս հարցին խաղաղ լուծում լինի, մեր երեխաները պետք է գնան հայրենիք պաշտպանեն, մենք՝մայրերս, հպարտ ենք, թող խաղաղություն լինի, ոչ մի մոր չեմ ցանկանա, որ այսպես դիմավորի իր որդուն»,- ասաց մայրը:
Արմենը պատմեց կատարվածը. «Հուլիսի 27-ի լուսաբացին 5:30 ազատ հերթափոխի դիտորդներ էինք, բարձր ձայն լսվեց, մտածեցի մին է տրաքել, դա սովորական բան է դարձել, բայց սմենչիկս այդ պահին ասաց, որ սնարյադ ա գալիս, չհասցրի փախչել, ընկավ կողքս, ինձ շպրտեց մի 3-4 մետր, հետո աչքերս բացում եմ փոշի ու ծուխ է, բան չի երևում, և փառք Աստծո ոչ մեկին ոչ մի բան չէր եղել միայն ինձ, ձեռքերիս մեջ ասկոլկեք են, ոտքս է ջարդված»,- ասաց զինվորը՝ հավելելով, որ հինգշաբթի նրան կվիրահատեն:
«Տղաների հետ կապ եմ պահում դիրքերում, եթե ես շուտ դզվեմ, 100 տոկոս կգնամ, էս վիճակով էլ կարենամ պոստ պահեմ, կգնամ պոստ կպահեմ»,- հպարտորեն նշեց զինվորը:
Ավելին՝ տեսանյութում:









































