ԱՄՆ-ի Կոնգրեսը կողմ է քվեարկել օրինագծին, որի համաձայն դաշնային օրենսդրությունից պետք է հանել «խելագար» բառը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել առաջարկը 398 ձայներով, այն ուղարկվել է նախագահ Բարաք Օբամային՝ ստորագրելու: Սենատը հավանության է արժանացրել այդ օրինագիծը դեռ 2012 թ. մայիսին:
Արգելքի նախաձեռնությունը պատկանում է Քենտ Կոնրադին՝ Հյուսիսային Դակոտա նահանգի դեմոկրատին և Այդահո նահանգի հանրապետական Մայք Կրապոյին: Կոնրադի խոսքերով՝ ֆեդերալ օրենքներում պետք է կիրառվեն հոգեկան խանգարումների և հիվանդությունների ժամանակակից հասկացությունները: Նման ստորացնող տերմինը, ըստ Կոնրադի, տեղ չունի ամերիկյան օրենքներում:
Միակ դեմ քվեարկողը Տեխաս նահանգի կոնգրեսական Լուի Գոմերտն է: Քննարկման ընթացքում նա քննադատել է Օբամայի հարկային քաղաքականությունը և այդ կապակցությամբ նշել է, որ «խելագար» տերմինը օրենսդրությունից հեռացնել չի կարելի, քանի որ միայն այդ բառով կարելի է բնորոշել այն մարդկանց, ովքեր նման քաղաքականությունը իրականացնում են այն պայմաններում, երբ երկիրը կանգնած է սնանկացման եզրին: Գոմերտի խոսքերով՝ նման օրենք ընդունելու ցանկությունը ամենաիրական խելագարությունն է:








































