Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը ելույթ է ունեցել ազգային հեռուստատեսությամբ` համաքաղաքացիներին նախազգուշացնելով աշխարհի մոտալուտ վախճանի մասին, որը, ըստ մայաների հաշվարկների, տեղի կունենա դեկտեմբերի 21-ին` հայտնում է բրիտանական The Guardian թերթը:
«Թանկագիններս, ողջ մնացած ավստրալացի համաքաղաքացիներ»,- այսպես է Գիլարդը սկսել իր ելույթը` երկու պետական դրոշների ֆոնին: Պահպանելով դեմքի լուրջ արտահայտությունը` նա խոստովանել է, որ աշխարհի վերջը, որը չի եղել ինչպես 2000-ին, այնպես էլ իր կառավարության կողմից ածխի վրա սահմանված հարկից հետո, այժմ իրապես մոտ է:
Կանաչ մայրցամաքի կառավարության ղեկավարը իր ընտրողներին նաև հավաստիացրել է, որ նրանց համար կպայքարի մինչև վերջ` չնայած «արյան ծարավ զոմբիներին կամ դժոխային հրեշներին», որոնք, Գիլարդի կարծիքով, K-pop ենթամշակույթի հետ կհասցնեն վերջին հարվածը մեր աշխարհին:
Վարչապետի վարչությունում (ուր պաշտոնական մեկնաբանությունների համար դիմել են ապշահար լրագրողները) ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խորհուրդ են տվել շտապ գրել այդ մասին, քանի դեռ աշխարհի վերջը չի եկել: «Մի՞թե ավստրալացիներն իրավունք չունեն կատակելու»,- ավելացրել են պաշտոնյաները:











































