Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով: Այս մասին ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Առաջին հերթին թույլ տվեք ցավակցություն հայտնել բռնության վերջին ալիքի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Ես խիստ մտահոգված եմ զորքերի շփման գծում մեծ թվով զոհերի մասին հաղորդագրություններից: Այդ միջադեպերը հարված են հասցնում հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին, և ես կոչ եմ անում կողմերին հետևել հրադադարի պահպանման ռեժիմին»,- ասել է ամերիկացի համանախագահը:
Ուորլիքը նշել է, որ համանախագահներն ակտիվ համագործակցում են կողմերի հետ՝ խաղաղ կարգավորման հասնելու համար: «Մինսկի խումբը շարունակում է մնալ երկու կողմերից ընդունված միակ բանակցային ձևաչափը: Մենք կշարունակենք մեր մասնավոր այցերը տարածաշրջան, ինչպես նաև համագործակցությունը բարձր մակարդակներում՝ հանուն հակամարտության երկարատև կարգավորման: Հույս ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնվեն հանդիպել մոտ ապագայում և քննարկել առանցքային հարցերը: Ժամանակն է սկսել բանակցություններ, որոնք կարող են հանգեցնել խաղաղ կարգավորման: Եթե կողմերն իսկապես ցանկանում են լուծել հակամարտությունը, նրանք պետք է ընդունեն Շվեյցարիայի առաջարկը՝ կառուցվածքային բանակցային գործընթաց սկսել համանախագահների հետ»,- ասել է Ջեյմս Ուորլիքը:











































