Գառնիում վերջին 1-2 ամսվա ընթացքում ինքնասպանության 3-4 դեպք է գրանցվել, որոնցով ներկայումս ոստիկանությունն է զբաղվում:
Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հորդորեց իրար հաջորդած ինքնասպանությունների դեպքերի մեջ որևէ կապ չփնտրել, դրանք բոլորը տարբեր պատճառներով են եղել: Իսկ ինքնասպան եղողները հիմնականում տարեց տղամարդիկ են եղել: «Մեկն իրեն կախել էր, որ կնոջ մահը չտեսնի. կինը հիվանդ էր, մյուսը տարիքն առած, 90 տարեկան մարդ էր, կին չուներ, երրորդը նույնպես տարեց տղամարդ էր:
Պատճառները տարբեր են՝ սոցիալական, հիվանդություններ, բայց հիմնականում, երևի, հիվանդությունն է պատճառը: Մարդիկ չեն ուզում ցավ պատճառել իրենց երեխաներին ու ինքնասպան են լինում: Ես այդպես եմ կարծում, իսկ թե իրական պատճառները որոնք են՝ չեմ կարող ասել, դա ոստիկանությունը կպարզի»,- ասաց Վարդանյանը:
Գյուղապետի խոսքով՝ մինչ օրս այդպես էլ չի պարզվել նաև անցած տարի կախվելու միջոցով ինքնասպան եղած երիտասարդի պատմությունը, ինքնասպան լինելու դրդապատճառները:









































