Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը հայտարարել է անտառային հրդեհների պատճառով նահանգի տարածքում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին: KTLA հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ներկայում նահանգի տարածքում առկա է հրդեհի 14 օջախ, որոնք դեռևս չի հաջողվում մարել շոգի և ռեկորդային երաշտի պատճառով:
Հրդեհի դեմ պայքարում են մոտ 2000 հրշեջներ: Գործի է դրվել նաև ավիացիան, այդ թվում՝ ռազմական: Ուժերն, այնուհանդերձ, բավարար չեն, և հրդեհի մարման աշխատանքներին կներգրավվեն այլ նահանգների հավելյալ ստորաբաժանումներ:

Կալիֆոռնիայից արդեն տարհանվել է մի քանի հազար մարդ, այդ թվում՝ քաղաքների բնակիչներ: Կրակը սպառնում է 300 բնակելի տների: Հրդեհի ընդգրկած ընդհանուր տարածքը գերազանցում է 140 քառակուսի կմ-ն:
Նահանգապետը բնակչությանը կոչ է արել ողջ ուժերով դիմակայել նոր օջախների առաջացմանը և նշել, որ հրդեհավտանգ վիճակը կպահպանվի մինչև հոկտեմբեր:









































