Ֆրանսիայի էներգետիկայի և էկոլոգիայի նախարարությունը ներկայացնում է մի օրենքի ծրագիր, որը նախատեսում է անջատել խանութների, գրասենյակների և այլ հաստատությունների ներսի և դրսի լույսերը գիշերվա 1-ից մինչև առավոտյան 7-ը: Հավանություն ստանալու դեպքում այս օրենքը ուժի մեջ կմտնի 2013 թվականից:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կառավարությունը 2012 թվականին հավանության էր արժանացրել մի օրենք, ըստ որի՝ գիշերվա ժամը 1-ից մինչև առավոտյան ժամը 6-ը հարկավոր է անջատել խանութների և գրասենյակների նեոնային լուսավորությունը: Այս տարվա հուլիս ամսին օրենքն ուժ է ստացել: Ֆրանսուա Օլանդի կառավարությունը ցանկանում է ավելին անել և ավելի կոշտ միջոցներ կիրառել 2013 թվականի հուլիս ամսից:
Նոյեմբերի վերջին կառավարությունը կոչ էր արել քննարկումներ անցկացնել այս հարցի շուրջ: Քննարկումները կշարունակվեն վեց ամիս:
Ֆրանսիայի էներգետիկայի նախարարության մասնագետների կարծիքով՝ նոր օրենքը չպետք է քաղաքի ճարտարապետադեկորատիվ լուսավորությանը խանգարի: Ներկա նորմերի համաձայն՝ Փարիզի ավելի քան 300 օբյեկտներ գիշերային ժամերին հոսանքազրկվում են:
Այլ փորձագետներ էլ գտնում են, որ հիմնական լուսավորությունը գնորդների մոտ հարմարավետություն է առաջացնում, նրանց ձգում է դեպի խանութները, որոնք շարունակում են աշխատել գիշերը: Բացի դրանից՝ խանութների և շենքերի լուսավորությունը փողոցային լուսավորության մասն է կազմում, և այստեղ խոսքը հասարակական անվտանգության մասին է: Փողոցային լուսավորությունը պաշտպանվածության զգացողություն է առաջացնում:
Չափից դուրս կոշտ միջոցները կարող են վախեցնել զբոսաշրջիկներին, և հնարավոր է ավելի շատ վնաս հասցնեն, քան օգուտ տան Ֆրանսիայի տնտեսությանը:
2011 թվականի տվյալներով, Փարիզ է այցելել 8.5միլիոն մարդ, ովքեր ամենաքիչը մեկ գիշեր մնացել են հյուրանոցում և օրական միջինը ծախսել են 146 եվրո:








































