Եգիպտոսը, Կահիրեի և Դամասկոսի միջև օդային հաղորդակցության դադարեցումից հետո Լիբանանի ցամաքային տարածքով տարհանում է իր քաղաքացիներին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Եգիպտոսի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ամր Ռաշդին:
«Դամասկոսի և Կահիրեի միջև ավիաչվերթների դադարեցումից հետո սիրիական մայրաքաղաքի մերձակայքում բարդ իրավիճակի պատճառով Եգիպտոսի ԱԳ նախարարությունը Սիրիայից Լիբանան «ցամաքային կամուրջ» է կազմակերպել՝ Սիրիայում գտնվող իր քաղաքացիներին տարհանելու համար»,- նշել է Ռաշդին:
Նա նշել է, որ չորեքշաբթի օրն ավելի քան 60 եգիպտացիներ երկու ավտոբուսներով Դամասկոսից կուղևորվեն դեպի Լիբանանի սահման, որտեղից նրանց կհասցնեն Բեյրութի միջազգային օդանավակայան, որպեսզի լիբանանյան ինքնաթիռով նրանք վերադառնան Եգիպտոս: «Սիրիական իշխանությունները համաձայնել են մինչև լիբանանյան սահման ցամաքային միջանցք կազմակերպել և եգիպտացիներից չպահանջել լիբանանյան մուտքի վիզա՝ սահմանն անցնելու համար»,- ավելացրել է ԱԳ նախարարության ներկայացուցիչը:
Երկու օր առաջ եգիպտական ազգային ավիափոխադրող Egypt Air ընկերությունը դադարեցրել է Եգիպտոսի և Սիրիայի միջև ավիափոխադրումները: Դրա պատճառ է հանդիսացել այն տեղեկատվությունը, որ շարունակվող հակամարտությոնների պատճառով Դամասկոսի օդանավակայան տանող ճանապարհը փակվել է: Ընկերությունը չի տեղեկացնում, թե ինչպես հետագայում կիրականացվեն երկու երկրների միջև ավիափոխադրումները: Ավելի վաղ Egypt Air-ի ինքնաթիռներով Սիրիայում գտնվող հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր չեն ցանկացել մնալ այդ երկրում, տեղափոխվել են Եգիպտոս:








































