iravaban.net-ի փոխանցմամբ՝ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատաքննության ժամանակ այսօր ցուցմունք է տվել փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով նոյեմբերի 5-ի գործով ներգրավված է որպես տուժող:
Նրա խոսքով՝ նոյեմբերի 5-ին այցելել է Ազատության հրապարակ և խոսել Շանթ Հարությունյանի հետ՝ հասկանալու համար նրա հետագա պլանները. «Մենք առանձնացանք, փորձեցի տեղեկանալ, թե ինչ է ուզում անել: Հստակ պատասխան չէր տալիս, ասում էր գնալու եմ «Բաղրամյան 26», բայց հստակ չէր: Ասեցի, որ անօրինական է երթը, ճիշտ կլինի դիմեք քաղաքապետարան՝ համապատասխան թույլտվություն ստանալու համար»: Շանթ Հարությունյանը նշել է, որ «Բաղրամյան 26» գնալու մասին խոսակցությունն առաջինը Օսիպյանն է սկսել: Մասնավորապես, Շանթ Հարությունյանի հետ առանձնազրույցի ժամանակ հարցրել է, թե չեն պատրաստվում արդյոք Բաղրամյան 26 գնալ:
Ի պատասխան Շանթ Հարությունյանն ասել է, որ ոչ, բայց վատ միտք չէ: «Ես նման բան չեմ հիշում»,- ասել է Վալերի Օսիպյանը:
Շարունակելով ցուցմունքը՝ Օսիպյանը նշել է, որ Շանթ Հարությունյանի և նրա կողմնակիցների ձեռքին փայտեր է նկատել: Շանթը պարբերաբար առանձնանում էր նրանց հետ, խոսում, ինչն էլ փոխոստիկանապետի մոտ անհանգստություն է առաջացրել. «Ես անհանգստացա, հավելյալ ոստիկաններ ներգրավվեցի՝ ասելով նրանց, որպեսզի տեղակայվեն Բայրոն փողոցում:Որոշ ժամանակ անց մոտեցան ինձ մոտ 6 աշխատակիցներ քաղաքացիական հագուստով: Ես հրահանգեցի, որ իրականացնեն իրենց օպերատիվ աշխատանքները, հետո, հարկ եղած դեպքում, ներկայանան որպես ոստիկան և կատարեն իրենց մասնագիտական պարտքը»:
Մանրամասները՝ iravaban.net-ում











































