Բրիտանացի և իռլանդացի ցածր խավի կանանց կողմից թեյի օգտագործումը 19-րդ դարի սկզբին համարվել է վատ սովորություն, որը խախտում է ընտանեկան հիմքերն ու երկրի տնտեսությունը՝ ասվում է Literature and History today ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Դուրհամի համալսարանի գիտնականները հետազոտել են 19-րդ դարի սկզբի փաստաթղթերը և հայտնաբերել, որ այդ շրջանում Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում հասարակությունը դատապարտել է թեյի նկատմամբ թուլություն ունեցող կանանց:
Առաջին հերթին դա վերաբերում էր միջին և ստորին խավի կանանց, քանի որ համարվում էր, որ թեյախմությունը հեռացնում է կանանց տնային աշխատանքներից և վերջնարդյունքում նպաստում երկրի տնտեսական անկմանը:
Կանանց թեյախմությունները համեմատվել են տղամարդկանց ալկոհոլիզմի հետ: Բացի այդ` թեյի նկատմամբ սերը համարվել է վտանգավոր ազատամտություն, ֆեմինիստական ու հեղափոխական գաղափարների ապացույց:
Թեյը առաջին անգամ Անգլիա են բերել 17-րդ դարի կեսերին, սակայն սկզբում այն հասանելի է եղել միայն բարձր խավի ներկայացուցիչներին: Հարուստ տներում այն մատուցել են կանանց` ճաշից հետո, այն ժամանակ, երբ տղամարդիկ ալկոհոլ էին խմում: Ցածր դասի մարդկանց համար այն հասանելի է եղել միայն, այսպես կոչված, թեյատներում:






































