Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին իր մեջ ուժ է գտել` կրկին հայտնվելու նախագահական նստավայրում, որը նախօրեին շրջապատել էին շուրջ 10 հազար ցուցարարներ՝ պահանջելով չեղյալ հայտարարել Սահմանադրության հռչակագրի փոփոխությունները: Ինչպես հաղորդում է Reuters-ը, ցուցարարների մի փոքր խումբ նախկինի պես հրաժարվում է լքել նախագահի նստավայրի շրջակայքը:
Շուրջ 200 ցուցարարներ շարունակում են կանգնած մնալ շինության պատերի տակ, սակայն նրանք գտնվում են ոստիկանության հսկողության ներքո:
Նախօրեին մի քանի հազար ցուցարարների հաջողվել էր ճեղքել ոստիկանության շրջափակումը և մոտենալ նախագահական նստավայրի դարպասներին: Ոստիկանների կիրառած արցունաբեր գազը չօգնեց, և շենքից թիկնազորի հետ դուրս բերվեց նաև երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսին:
Ավելի ուշ Եգիպտոսի ՆԳՆ-ն հայտարարեց, որ Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին Կահիրեում իր նստավայրը լքել է աշխատանքային օրվա ավարտի սովորական ժամին, այլ ոչ այն բանից հետո, երբ նախագահական պալատի մոտ սկսվեցին ցույցերը և ցուցարարների ու ոստիկանների միջև բախումները:









































