Ուկրաինայի արևելքում գործող ռուս անջատողականներին տրվող շարունակական աջակցությունը չդադարեցնելու պատճառով օրերս ինչպես ԱՄՆ-ը, Կանադան, այնպես էլ ԵՄ-ն ընդլայնեցին Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ցանկն ու բնույթը: Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները չեն կարող շրջանցել նաև Հայաստանը, քանի որ պատժամիջոցների են ենթարկվում նաև ռուսական ընկերություններ, որոնք մենաշնորհային դիրքեր ունեն հայաստանյան շուկայում՝ «Գազպրոմբանկ»-ն ու «ՎՏԲ»-ն, ապագայում նաև «Ռոսնեֆթ» ընկերությունը:
Թեև Հայաստանում գործող այս ընկերությունների ներկայացուցչությունները վստահեցնում են, թե պատժամիջոցները իրենց վրա չեն ազդի, քանի որ իրենք իբր առանձին սուբյեկտներ են, հեղինակավոր տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պնդում է, որ պատժամիջոցներն ամբողջովին տարածվում են այդ ընկերությունների վրա։
«Հաճախ, երբ վարկային ռեսուրսները չէին հերիքում, օրինակ՝ Թեղուտի ֆինանսավորման դեպքում, իրենց մայր բանկից էին վերցնում փողը։ Հիմա իրավունք չունեն վերցնելու»,- պարզաբանել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Տնտեսագետը նաև նշել է, որ սկսած հաջորդ տարվանից՝ Հայաստանի տնտեսությունն իր վրա կզգա Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների բացասական ազդեցությունը. Ռուսաստանի՝ առանց այն էլ անկում ապրող տնտեսությունը արևմտյան պատժամիջոցների հետևանքով ավելի է տուժելու: Այդ ամենն իր ազդեցությունը կթողնի Հայաստանում գործող ռուսական ընկերությունների ու նաև Ռուսաստանից եկող տրանսֆերտների վրա, որոնք տարեկան կազմում են մոտ 1.5-2 միլիարդ դոլար:
«Ռուսաստանի ձեռնարկությունները արտադրում են Հայաստանի ՀՆԱ-ի 17 տոկոսը։ Եթե սանկցիաները շատ խորանան, երկար տևեն, ստիպված կլինեն միջոցները տալ Ռուսաստանին, իսկ մինչ այդ Ռուսաստանից էին այստեղ միջոցներ գալիս։ Նրանք Հայաստանում կտրուկ կդադարեցնեն վարկավորումը, ծավալները կիջեցնեն։ Սա առաջին և ամենալուրջ հարվածն է»,- ասել է նա։
Նրա համոզմամբ՝ Հայաստանը մեկ այլ դժվարության ևս հանդիպել է, քանի որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նախազգուշացման պատճառով ՀՀ-ն այլևս չի կարողանա ՌԴ-ի համար այս դժվարին պայմաններում օդանցքի դերակատարություն ստանձնել, այսինքն՝ ռուսական շատ ընկերություններ, հնարավորություն չունենալով հարցերը անմիջականորեն լուծել Արևմուտքում, կարող էին դա փորձել անել հայկական ընկերությունների միջոցով։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը նախ՝ անդրադառնալով Երևանում ԱՄՆ-ի դեսպանատան նախազգուշացմանը, թե Հայաստանի կառավարությունը և գործարարները խնդիրներ կունենան պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի պաշտոնյաների ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում, ասաց, որ Վաշինգտոնը հարկ է համարել Հայաստանին հատուկ զգուշացնել, որովհետև վերջին ամիսներին, եթե ուշադրություն դարձնենք, Հայաստանի նախագահն ամենատարբեր հարթակներում կոչ էր անում, որպեսզի ՀՀ-ն որպես հարթակ օգտագործվի ռուսաստանյան շուկա մտնելու համար, և, բնականաբար, ՌԴ-ն գիտեր, որ իր նկատմամբ պատժամիջոցները վաղ թե ուշ խստանալու են, հետևաբար համաձայն էր, որ Հայաստանը նման առաքելություն իրականացնի, և հիմա փաստացի կդժվարանա նման գործառույթի ստանձնումը, եթե հարկ է համարվել Հայաստանին հատուկ զգուշացնել:
«Ես փոքր-ինչ տարակուսած եմ Վաշինգտոնի մոտեցումից Հայաստանի մասով և չեմ կարծում, թե արդարացված է այդ մոտեցումը, քանի որ Վաշինգտոնը շատ լավ գիտի Հայաստանի վիճակի բոլոր նրբությունները: Նրանք գիտեն, որ Հայաստանը որքան քիչ նշանակություն ունի ռուսական տնտեսության ու ապրանքաշրջանառության համար, բայց եթե հարկ են համարել նման զգուշացմամբ հանդես գալ հայկական ընկերությունների դեպքում, ուրեմն դրա կարիքը կա»,- նշեց նա:
Ստեփան Սաֆարյանը նաև նշեց, որ Հայաստանում տարիներ շարունակ խելացի մարդիկ կոչ են արել դիվերսիֆիկացնել տնտեսությունը, բայց, դժբախտաբար, այդ դիվերսիֆիկացիան այդպես էլ չի կայացել, տեղի է ունեցել ճիշտ հակառակը՝ Հայաստանը մեծացրել է Ռուսաստանից իր կախվածությունը, այդ թվում՝ տնտեսական, ինչի արդյունքում այսօր բարդ է խոսել մանևրի պատուհանի մասին:
Նրա հավաստիացմամբ՝ Հայաստանի համար դժվարին ժամանակներ են սպասվում, որովհետև Հայաստանում 1300-ից ավելի ռուսական ձեռնարկություններ կան, այդ թվում նաև բավականին խոշոր ձեռնարկություններ, որոնց վրա էական ազդեցություն են ունենալու պատժամիջոցները: Սա նշանակում է, որ ներկայիս իրավիճակը ուղղակի ազդելու է ՀՀ տնտեսության վրա:
«Սրան եթե գումարում ենք այն ազդեցությունը, որը մենք կտեսնենք ՌԴ տնտեսության վրա, մասնավորապես, միջին հաշվով այնտեղ էլ զգալի պակասելու է շրջանառությունը և բարձրանալու են բիզնես-պայմանները, հենց այնտեղ աշխատող հայերի և նրանց ուղարկած տրանսֆերտների վրա ենք մենք զգալու այդ ազդեցությունը, այսինքն՝ փաստացի ՀՀ-ին բավականին դժվար աշուն ու ձմեռ է սպասվում»,- ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ՌԴ-ն, հասկանալով ՀՀ շրջափակվածությունը, հնարավորություն տա դիվերսիֆիկացնել և Արևմուտքի հետ գործել, մեր զրուցակիցը պատասխանեց՝ կասկածում է, քանի որ հիմա ՀՀ-ն բավականին բարդ կացության մեջ է հայտնվում, որովհետև արդեն Արևմուտքն է փորձում Հայաստանին կանգնեցնել երկընտրանքի առջև:
«Հայաստանը պետք է կարողանա իր տնտեսության համար կարևորագույն ակտիվները, ռեսուրսները ստանալ այս կամ այն տեղից, բայց խնդիրն այն է, որ զգալի նյութական հոսքեր գալիս էին Ռուսաստանից, այդ թվում՝ մասնավոր տրանսֆերտների տեսքով և, բնականաբար, նաև ռուսական տնտեսությունների գործունեության արդյունքում, ուստի ենթադրելի է, որ պատժամիջոցները էապես կազդեն ՀՀ տնտեսության վրա: ՀՀ-ն պետք է մտածի՝ ինչպես զարգացնել տնտեսության այլ ճյուղերը, որպեսզի կախվածությունները մեղմանան, այդ թվում՝ պատժամիջոցների ազդեցությունը»,- նշեց Ստեփան Սաֆարյանը:
ՀՀՇ վարչության հիմնադիր անդամ, վերլուծաբան Հովհաննես Իգիթյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ պետք է մշակվի ներքին ճկուն քաղաքականություն: Նա չգիտի՝ որքանով է այս կառավարությունն ունակ ոչ ստանդարտ իրավիճակներում այդպիսի գործողությունների, և երկրորդը՝ անհրաժեշտ են քաղաքական լուծումներ, և ինչու ոչ՝ ձմեռ է գալիս, իսկ մենք արդեն ունենք բավականին բարձր գազի գին՝ խոստացվածից ավելի բարձր, մենք ունենք թանկացած էլեկտրաէներգիա, և մենք ունենք կողքից Իրան, որն առաջարկում է գազի բավականին լավ պայմաններ գազի ոլորտում համագործակցության համար, սակայն Հայաստանը կաշկանդված է իր պարտավորություններով՝ «Գազպրոմ»-ի հետ կապված մենաշնորհային դիրքով:
«Ինչո՞ւ ոչ՝ կարելի է առիթն օգտագործելով վերանայել մեր պարտավորությունները՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որն առկա է այսօր թե Ռուսաստանի, թե Հայաստանի դեպքում: Ուզում եմ հավատալ, որ մենք ունենք ԱԺ, որն այսօր տարբեր վայրերում հանգստանալու փոխարեն՝ պետք է փորձի լուծել նաև այս հարցը, վերանայել որոշ պարտավորություններ: Հայաստանի կառավարությունը պետք է փորձի ռուսական պատվիրակության հետ անցկացնել բանակցություններ, ներկայացնել խնդիրները, և փորձենք այլընտրանքային ուղիներ ու կապեր ձեռք բերել»,- ասաց նա:









































