«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը:
–Պարոն Մալխասյան, ոչ իշխանական չորս ուժերը 12 կետերից բաղկացած պահանջներ են ներկայացրել իշխանություններին, որոնք չբավարարելու դեպքում խոստանում են թեժ աշուն: Ինչքանո՞վ են այդ կետերն արտացոլում հասարակության իրական դժգոհությունը:
–Դժգոհությունն, իհարկե, անսահման է, ավելի անսահման, քան ամփոփված են այդ 12 կետերում: Այս իշխանություններից բոլորն են դժգոհ՝ ոչ միայն նրան չեն հավատում, չեն վստահում, այլև խորապես ատում են:Սրանց համարում են քողարկված, փակ թշնամիներ, որոնք կոչված են այս երկիրը ոչնչացնելու, ժողովրդին հոշոտելու, երկիրը դատարկելու: Այնպես որ՝ իհարկե, այդ 12 կետերից բացի, ավելի խիստ պահանջներ ունենք այս իշխանությունները բռնազավթածներից:Իհարկե, իշխանություններն ի զորու չեն կատարելու այդ 12 կետերը:
–Այսինքն՝ վստա՞հ եք, որ աշնանը հասարակությունը կմոբիլիզացվի այդ չորս ուժերի շուրջ:
–Ես համոզված եմ, որովհետև հայ ժողովուրդը միշտ էլ վճռական պահերին համախմբվում է: Սրանց մտքերն ու խոսքերը կեղծ են, մենք չենք կարող սրանց հավերժ գերի լինել: Շատ շուտով կհամոզվեք դրանում:Ճիշտ է, շատ ենք ժամկետներ ասել և այդ ժամկետների մեջ սխալվել, բայց այս անգամ արդեն վերջն է:
–Այդ չորս ուժերի համագործակցությունը շատերի մոտ վստահություն չի ներշնչում այնառումով, որ դրանցից միայն երկուսն են դնում համակարգային փոփոխության պահանջ:
–Եթե նրանք էլ կողմնակից չլինեն, ապա ես համոզված եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր դիրքում կմնա, և մենք նրա հետ միասին էլ կտապալենք սրանց: Սրանք արդեն փտած են, 200 հոգով էլ կարող ենք տապալել: Սրանք խոցելի են, վերջացած, եթե միավորվեն՝ ավելի հեշտ կլինի տապալելը:Ես այնքան Գագիկ Ծառուկյանին չեմ կասկածում, որքան Դաշնակցությանը: Բայց եթե Դաշնակցությունը նույնիսկ այդքան սխալներ թույլ տալուց հետո այսօր կանգնի արդարության դիրքերի վրա, իհարկե՝ հեշտ կլինի տապալելը: Մենք ներում ենք նաև մեղավորներին, բայց դատելու ենք նաև նրանց. այդ դատելու պահը հետո կգա:
–Ասացիք՝Գ.Ծառուկյանինայնքան էլ չեք կասկածում, որքան Դաշնակցությանը: Բայց հայտնի է, որ ԲՀԿ-ն ունի շատ օլիգարխիկ լծակներ և ինչ–որ չափով պահպանում է կապն իշխանությունների հետ. մտավախության չկա՞, որ կարող է վերջին պահին այդ ամենն ավելի կարևորել, և քառյակը հուսախաբկլինի:
–Իմ կարծիքով՝ կա նման մտավախություն: Բայց եթե հիշում եք՝ իր ելույթներից մեկում Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ սա նաև բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն է:Մենք ունեցել ենք շատ մեծահարուստներ, որոնց նաև ժողովուրդը սիրել է՝ Մանթաշովից սկսած. եթե մեծահարուստը ազնիվ ճանապարհով է իր հարստությունը դիզել, նրան պետք մեծարել, որովհետև նա օգուտ է տալիս երկրին:
–Արդյոք Գագիկ Ծառուկյանն այդ տեսակի՞ն է պատկանում:
–Ես Ձեզ սկզբում ասացի, որ մենք սիրում ենք նաև մեղավորներին, բայց գալու ենք նաև մեղավորներին դատելու:Բոլոր մեղավորները պետք է պատասխան տան, այդ օրը գալու է:Հիմա թիվ մեկ խնդիրն է Հայաստանն ազատագրել չարիքի իշխանությունից:
–Պարոն Մալխասյան, երբ քառյակն այդ պահանջները ներկայացրեց իշխանություններին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց, որում, ըստ էության, համաձայնեց այդ կետերին: Ձեզ համար ընդունելի կլինի՞, եթե նա էլ քառյակի հետ դուրս գա իշխանությունների դեմ:
–Ես որ ասացի՝ մենք սիրում ենք նաև մեղավորներին, նրան նկատի չունեի: Քոչարյանը ոչ թե մեղավոր է, այլ ծանրագույն հանցագործ: Նրա վրա ծանրացած են բազմաթիվ մեղքեր, բազմաթիվ հանցագործություններ: Նա պետական հեղաշրջում է կատարել երկրում, խաղաղ ցուցարարներինգնդակահարելու հրաման տվել, թրքավարի ու դավադիր՝ Ռամիլ Սաֆարովի նման, գիշերով գաղտագողի նրա ենիչերիները հարձակվեցին Ազատության հրապարակում քնած ժողովրդի վրա ու հոշոտեցին: Այս արարքները աններելի են: «Առագաստ» սրճարանում նրա թիկնապահը սպանեց հայտնի ազատամարտիկ Պողոս Պողոսյանին. ո՞րը թվարկեմ նրա արածներից: Քոչարյանը խստագույնս պատասխան է տալու հայ ժողովրդի, արդարության ու արդարադատության առաջ: Նա այս ամենի մեջ խառնվելու իրավունք չունի:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:








































