Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո պաշտոնական Մոսկվան ջանքեր է գործադրելու՝ համոզելու համար Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին լքել զբաղեցրած պաշտոնը:
Այս մասին գրել է ամերիկյան The New York Times թերթը՝ վկայակոչելով մի բարձրաստիճան թուրք դիվանագետի: Վերջինիս խոսքերով՝ Ասադի ռեժիմի դեմ ամեն տիպի արտաքին միջամտություններին դեմ հանդես եկող և ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ բոլոր բանաձևերի վրա վետո դնող Ռուսաստանն այսուհետ փոխելու է Սիրիայի հարցում իր դիրքորոշումը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը մեղմացնելու է Սիրիայի հարցում որդեգրած իր կոշտ դիրքորոշումը և Ասադին համոզելու է զբաղեցրած պաշտոնը լքելու հարցում: Նշվում է, որ այս մասին որոշումն ընդունվել է Էրդողանի ու Պուտինի միջև տեղի ունեցած 5 ժամանոց հանդիպման ընթացքում:








































