Թուրք քաղաքական, հասարակական գործիչներն ու համացանցի օգտատերերը բուռն քննադատել են երկրի փոխվարչապետ Բյուլենթ Արընչի այն կոչը, թե կանայք պետք է ավելի համեստ իրենց պահեն և «հասարակության մեջ չծիծաղեն»:
Նախօրեին թուրք փոխվարչապետ Բյուլենթ Արընչը կոչ է արել կանանց բարձր չծիծաղել, խիստ և դաստիարաված լինել: Նրա կարծիքով՝ կանայք «բարոյականության տեսակետից պետք է խիստ լինեն» և «հանրության մեջ չծիծաղեն»: Տոնական արարողություններից մեկի ժամանակ փոխվարչապետի արած հայտարարությունը թեժ քննարկումների պատճառ է դարձել:
«Մեր երկիրն ամենից շատ կարիք ունի մեր կանանց ծիծաղի»,- Twitter-ում գրել է Թուրքիայի նախագահի թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն:
Ժողովրդական-հանրապետական կուսակցության գլխավոր քարտուղար Գյուրսեկ Թեքինը վրդովված է այն փաստով, որ կառավարությունը փորձում է միջամտել մարդկանց զգացմունքային ինքնաարտահայտմանը: «Պետությունը պատիվը գերի է վերցրել և որոշում է՝ որտեղ պետք է մեր կանայք ծիծաղեն, որտեղ՝ ոչ: Ընդհակառակը, մեր կանայք ձեզ բարկացնելու համար միշտ պետք է ծիծաղեն: Դուք չեք նկատում՝ ինչպես են լաց լինում դիվանագետների մայրերը (Իրաքում ԻԼԻՊ-ն կողմից առևանգված), ինչպես են ամեն ամիս Սիրիայից, Իրաքից տասնյակ, հարյուրավոր կանայք ինքնասպան լինում, և նման իրավիճակում դուք նրանց բացատրում եք՝ որտեղ ծիծաղեն, որտեղ՝ ո՞չ»,- հայտարարել է նա:
Թունջելի քաղաքի կանանց միությունը բողոքի ակցիա է կազմակերպել, որտեղ հավաքվածները ցուցադրաբար ծիծաղել են: Կանանց միացել են նաև տղամարդիկ:
«Շատ դառն է նման հայտարարություններ լսել Թուրքիայում, որտեղ ամեն օր կանայք են զոհվում»,- լրագրողներին հայտարարել է ակցիայի կազմակերպիչ Այֆեր Բերը:











































