Շվեյցարիայի ոստիկանությունը ձերբակալել է ներգաղթյալներից բաղկացած մի ավազակախմբի անդամների, որոնք քարոզել են իսլամական գաղափարախոսություն, ինչպես նաև թմրամիջոցների տարածման ու հանցագործությունների մեջ ներգրավել են երիտասարդների:
Կազմակերպված իսլամական ավազակախումբը, որն իրեն անվանում է «Ջամաատ», վերահսկել է թմրամիջոցների տեղափոխումը Նևշատելի մերձակա լեռներով։ Այս մասին հայտնում է The Local-ը:
Տվյալ պահին խմբավորման 3 անդամներ ձերբակալված են ու վկայություններ են տալիս: Ինչպես հայտնել են Շվեյցարիայի դատախազությունից, ավազակախմբի ենթադրյալ ղեկավարը կալանավորվել էր այս տարվա մարտին:
«Ջամաատը» բաղկացած է հիմնականում չեչեններից, նախկին Հարավսլավիայի բնակիչներից: Խմբավորումը փորձում է տարածաշրջանում մարիխուանայի վաճառքի մենաշնորհ ունենալ: Խմբավորման անդամները, երիտասարդների ու դեռահասների ներգրավելով, ստիպել են նրանց ընդունել իսլամ, ապա օգտագործել վերջիններիս իրենց նպատակների համար: Մարդկանց հավաքագրումը տեղի է ունեցել հիմնականում Լե Լոկլ ու Լա-Շո-դե-Ֆո քաղաքներում:
Ներկայում ոստիկանությունը որոնում է ստորերկրյա տրանսպորտային բազան, որի օգնությամբ «Ջամաատը» իրականացնում էր իր հանցավոր գործունեությունը:








































