Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բուտկևիչյուսը չի բացառում ռուսական էստրադայի որոշ գործիչների՝ երկրում անցանկալի անձանց ցուցակում ընդգրկելու հարցի դիտարկումը՝ կապված ուկրաինական ճգնաժամի հարցում նրանց դիրքորոշման հետ, ինչպես դա արեց հարևան Լատվիան: Այս մասին հայտնում է BNS գործակալությունը:
«ԵՄ անդամ լինելով՝ Լիտվան պատժամիջոցների հարցը կհամաձայնեցնի ԵՄ այլ երկրների հետ և հանդես կգա պատժամիջոցների խստացման օգտին: Ինչ վերաբերում է Ռուսաստանից անցանկալի կոնկրետ անձանց ցուցակում ընդգրկելուն՝ առայժմ դա ընդունված չէ, սակայն մենք չենք բացառում անհրաժեշտության դեպքում ապագայում այդ հարցը քննարկելու հնարավորությունը՝ քարոզչության դեմ պայքարի նպատակով, որը թեժացնում է պայքարն ու հակամարտությունն աշխարհում»,- ասել է Բուտկևիչյուսը:
Այն մասին, որ Լիտվայի ԱԳՆ-ը քննարկում է Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ ազգային պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ կապված Ուկրաինայում ճգնաժամի հետ, անցած հինգշաբթի օրը հայտարարել է երկրի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:
Ավելի վաղ Լատվիայի ԱԳՆ-ը որոշում է ընդունել ռուս էստրադային կատարողներ Օլեգ Գազմանովի, Իոսիֆ Կոբզոնի և Վալերիայի մուտքը Լատվիա արգելել:









































