Աթենքի Ասպրոպիրգոս արվարձանում տեղակայված ուլտրաաջ «Խրիսի ավգի» («Ոսկե արշալույս») կուսակցության գրասենյակում ռումբ է պայթել, զոհեր և վիրավորներ չկան: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Գրասենյակի շենքին լուրջ վնաս է հասցվել: «Դա շատ ուժեղ հարված էր, որը հանգեցրել է մեծ ավերածությունների»,- հայտնել են ոստիկանությունից:
Առայժմ ոչ ոք իր վրա պատասխանատվություն չի վերցրել կատարվածի համար: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Կուսակցությունը վերջին խորհրդարանական ընտրություններում հավաքած ձայների թվով հունական խոշորագույն կուսակցությունների շարքում զբաղեցրել է երրորդ տեղը:
Մի շարք հույն քաղաքական գործիչներ ու փորձագետներ կարծում են, որ կուսակցությունն ունի չափազանց արմատական հռետորաբանություն, իսկ նրա տարբերանշանը նման է նացիստականին, այդ իսկ պատճաով այն պետք է արգելել: Կուսակցության ներկայացուցիչները հերքում են երկու տարբերանշանների նմանությունը:








































