Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ երեկ աննախադեպ իրադարձություն է գրանցվել թուրք-սիրիական սահմանին: Երեկ սիրիական ինքնաթիռները վերստին ռմբակոծել են Թուրքիային սահմանակից Ռասուլայն շրջանում սիրիացի ապստամբների դիրքերը: Ռասուլայնի շրջանում վիրավորված սիրիացիները տեղափոխվել են Շանլըուրֆա նահանգի Ջեյլանփընար շրջանի հիվանդանոց:
Դրանից հետո թուրքական հրամանատարությունն օդ է բարձրացրել Դիարբեքիրում բազավորված իր F-16 կործանիչները: Ընդհանուր առմամբ, թուրք-սիրիական սահման է ուղարկվել 10 հատ F-16 կործանիչ, որոնց հրաման է տրվել սիրիական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային սահմանի անգամ ամենափոքր իսկ խախտման դեպքում հարվածել նրանց:
Նշվում է, որ սիրիական ճգնաժամի սկսվելուց հետո Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներն առաջին անգամ են այդքան մոտ՝ գրեթե զրոյական հեռավորությամբ, թռել սահմանի երկայնքով: Սակայն Սիրիայի մարտական ինքնաթիռները չեն խախտել Թուրքիայի օդային սահմանը և F-16 կործանիչներն իրենց հետախուզական թռիչքներից հետո վերադարձել են Դիարբեքիրի բազա:







































