Երեկ Երևանում հանդիսավորությամբ նշվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձն ու տեղի է ունեցել ռազմաուսումնական հաստատությունների 2014 թվականի շրջանավարտների ավարտական միջոցառման առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությանը: Զարմանալիորեն, պատերազմի ու խաղաղության միջև կռիվ ու անմեղ զոհեր տվող մեր երկրում բանակը դարձել է ֆիզիկական մահակ հենց ինքն իր հանդեպ, իր այն մասի հանդեպ, ում համար բռնությունն ու անօրինականությունը մերժելի երևույթ են, և ովքեր գերադասում են երբևէ չկորցնել մարդկային պարկեշտությունը: Վերջին տարիներին մեր բանակում գազանների ու պարկեշտության միջև ընթացող իսկական պայքար է նաև, որում, ցավոք սրտի, հաղթողը գազաններն են` ի դեմս այն հրամանատարների, որոնք սպանում են, ինքնասպանության են հասցնում, ծեծում ու նվաստացնում էին հայ զինվորին, հայ երիտասարդին:
Դրան անմիջապես հակադարձվում է բարոյական ճնշումը, որ բանակին որևէ բան ասողը պետության թշնամին է, թշնամու բարեկամը: Ահա այդպես, այդ ֆիզիկական և քարոզչական մահակները պարբերաբար իջնում են թե՛ հասարակության գլխին, թե՛ նաև հենց բանակի, որովհետև ինչքան ուզում ես պահիր հիվանդության արտաքին նշանները, միևնույն է, այն ներսից անխուսափելիորեն քայքայելու է օրգանիզմը: Այսօր սեղանին դրված է հայկական բանակը որպես օրգանիզմ առողջացնելու կենսական խնդիրը: Բոլոր նրանք, ովքեր փորձում են լռության մատնել բանակային խնդիրներն ու դրա համար շահարկել պարզունակ հայրենասիրությունը, իրականում նպաստում են թե՛ բանակի, թե՛ հայրենիքի քայքայմանը:
Բանակի ու հայրենիքի շահը պահանջում է բացահայտ խոսել արատների մասին և բաց ու ազնիվ պայքար մղել դրանց դեմ: Արատներից զուրկ բանակն է ունակ պաշտպանել հայրենիքը, լինել ժողովրդի պաշտպանը, ոչ թե դառնալ իշխանության ձեռքի մահակն ընդդեմ ժողովրդի: Մենք շնորհավորում ենք այս գաղափարի բոլոր կրողներին, ովքեր իրենց նվիրվածությամբ, իրենց անկեղծությամբ և իրենց ազնվությամբ լծվել են բանակի առողջացման, այնտեղ առկա համակարգային արատների հաղթահարման գործին:











































