Սլովենիայի մի քանի քաղաքներում տեղի ունեցած զանգվածային հակակառավարական ցույցերի ընթացքում ձերբակալվել են տասնյակ մարդիկ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը:
Ամենախոշոր ակցիան տեղի է ունեցել Մարիբորե քաղաքում, որտեղ փողոց է դուրս եկել շուրջ 10 հազար մարդ: Նրանք պահանջել են քաղաքապետի և ամբողջ կառավարության հրաժարականը, որոնց մեղադրել են կաշառակերության մեջ: Խաղաղ սկսված ցույցն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով: Խուլիգանները քարերով և շշերով հարձակվել են քաղաքային խորհրդարանի շենքի վրա: Ցուցարարներին ցրելու համար իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ, ձերբակալել 120 մարդ: Բախման հետևանքով տուժել են 18 ոստիկան և մի քանի ցուցարարներ:
Facebook-ի օգնությամբ կազմակերպված հակակառավարական ցույցերը Սլովենիայում սկսվել են մի քանի օր առաջ, դրանք ամենազանգվածայինն են վերջին տարիների ընթացքում: Սլովենացիները դժգոհություն են հայտնում ներկայիս քաղաքական ընտրախավում (էլիտայում) և սոցիալական-տնտեսական ոլորտում տիրող իրավիճակից:
Ամենախոշոր բողոքի ակցիան պլանավորվել է իրականացնել դեկտեմբերի 21-ին:










































