Գնահատելով նախօրեի ընտրությունները, քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց. «Այս ընտրություններն իրենց էությամբ ոչնչով չտարբերվեցին մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների տեխնոլոգիաներից, այսինքն, աշխատեցին նույն տեխնոլոգիաները` լրացուցիչ քվեաթերթիկներ, բերովի մարդիկ և հիմնականում գումար, մեծամասամբ` գումար, ու ստացանք այն արդյունքը, ինչը և պետք է ստացվեր»:
Հարցին, թե այս ընտրություններից ինչ հետևություններ կարելի է անել առաջիկա նախագահական ընտրությունների իմաստով, Բադալյանը պատասխանեց. «Ոչ մի հետևություն էլ չի կարելի անել մի պարզ պատճառով. ես ասել եմ, եթե կան քաղաքական ուժեր, որոնք հույս ունեն, որ պետք է հասարակության միջոցով Հայաստանում հասնեն իշխանափոխության, ապա այս ընտրություններով ևս մեկ անգամ ապացուցվեց, որ հասարակությունը 90 տոկոսով ուղղակի պոտենցիալ չունի իշխանափոխություն անելու»: Ըստ նրա, այն ուժը, որը ցանկանում է իշխանափոխություն անել, պետք է աշխատի ստանալ աշխարհքաղաքական կենտրոնների աջակցությունը:








































