Թափառաշրջիկ Ջեֆրի Հիլմանի նյույորքցի բարեկամներն ի դեմս նրա զարմանքով են ճանաչել իրենց կորած եղբորը, որին ոստիկանը կոշիկ էր նվիրել: Այս մասին հայտնում է lifenews.ru-ն:
Անտուն տղամարդու պատմությունն իսկական սենսացիա է դարձել ԱՄն-ում այն բանից հետո, երբ նա ոստիկանից անցած շաբաթ մեկ զույգ կոշիկ է նվեր ստացել ու դրա շնորհիվ կարողացել է գտնել իր ընտանիքի անդամներին:
Փենսիլվանիայի կրոնական կազմակերպության ադմինիստրատոր Քիրկ Հիլմանը 54-ամյա տղամարդու մեջ զարմանքով ճանաչել է իր կրտսեր եղբորը, որից երկար ժամանակ ոչ մի տեղեկություն չուներ:
«Վերջին անգամ մենք Ջեֆրիի մասին լսել ենք մոտ մեկ տարի առաջ, նախկինում նա երբեմն զանգում էր՝ իր մասին հայտնելու համար, սակայն ժամանակի ընթացքում կապը կտրվեց»,- պատմել է Հիլմանը:
Քիրկը, Ալֆրեդն ու Ջեֆրին մեծացել են Նյու Ջերսի նահանգում: Այն ժամանակ, երբ ավագ եղբայրները բարձրագույն կրթություն էին ստանում, Ջեֆրին անընդհատ փոխում էր զբաղմունքն ու երբեմն մնում առանց աշխատանքի՝ ճանապարհորդելով Նյու Յորքով ու Փենսիլվանիայով:









































